Ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի հիվանդ մորը պետությունն անվճար դեղ չի կարող հատկացնել

1990 թվականին Երասխավանի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի մայրը` Ալիսա Սաղումյանը, դեղահաբ գնելու հնարավորություն չունի: Բժիշկները ձախ կրծքագեղձի ուռուցք են հայտնաբերել 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող կնոջ օրգանիզմում և նշանակել մշտապես օրական երկու անգամ «Ֆեմարա» («Լետրոզոլ») դեղամիջոց ընդունել:Դեղը բավականին թանկ արժե:

Ազատամարտիկի մայրը Իրավաբան. net-ի հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության ժամանակ նա հանդիպել է նախարարի տեղակալի հետ: Վերջինս ասել է, որ ստանան կտան, ավելի ուշ գրություն են ուղարկել` հայտնելով, որ այդ դեղը չեն կարող տալ` չունեն:

«Առողջապահության նախարարություն բազմիցս դիմել եմ, մեզ ասացին էլ չգաք. մեր դիմումը պատուհանի մոտ դիմումները վերցնող աղջիկը պատռեց թափեց: Այդտեղ ոստիկաններ էլ կային, նրանք մեզ ասացին` էլ չգաք ստեղ, ստեղ ձեզ համար պտույտի˚ տեղ է, ի˚նչ է: Ուրեմն, եթե մենք պտտվել ուզենանք, պիտի էնտեղ գնանք, չեք ամաչո˚ւմ դուք»,- Իրավաբան.net-ին ասաց Ալիսա Սաղումյանը:

Ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի թոշակառու ծնողներն ավելի քան 10 հասցեներով դիմումներ են հղել տարբեր գերատեսչություններ դեղահաբ գնելուն օգնելու համար: Օգնությունը եղել է շատ քիչ` մեկ- երկու անգամ:

2012 թվականի 16 հոկտեմբերի առողջապահության նախարարություն ուղղված հարցմանն ի պատասխան ստացել են, որ «Ֆեմարա» («Լետրոզոլ») դեղն ընդգրկված չէ պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում, ինչպես նաև այդ դեղը ՀՀ առողջապահության նախարարությունը չի ստացել որպես մարդասիրական օգնություն, սակայն ցանկում առկա է դրա համարժեք փոխարինող: Տիկին Ալիսայի բժիշկը հայտնել է նրան, որ բուժման համար անհրաժեշտ է հենց այդ դեղը, ոչ թե փոխարինողը:

«Մենք առողջապահության նախարարություն դիմում էինք ուղարկել` նրանց քննարկմանը ներկայացնելով քաղաքացու դիմումը և նրան կից ներկայացված փաստաթղթերը` ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1717-Ն որոշմամբ սահմանված են բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար: Առաջին հերթին սահմանված են 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, իսկ տիկին Ալիսան առաջին խմբի հաշմադամ է: Բացի այդ, նրա որդին` Երվանդ Սաղումյանը, մասնակցելով Երասխավանի մարտին, զոհվել է, հետևաբար` առկա է նաև կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված անվճար դեղեր ստանալու երկրորդ հիմքը»,- Իրավաբան.net-ի զրույցում հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանն ու հավելեց, որ բացի այդ, Սահմանադրությամբ, օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված անձի իրավունքը (որից սահմանված չէ որևէ բացառություն) իրավաչափ չէ կախման մեջ դնել մեկ այլ որոշմամբ սահմանված դեղերի ցանկից: Սա, իհարկե, նաև իրավական խնդիր է, և խոստացավ, որ իրենք հանդես կգանք համապատասխան նախաձեռնությամբ:

Կենտրոնին ուղղված Առողջապահության նախարարության պատասխանն եղել է այն, որ «Ֆեմարան» ընդգրկված չէ «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում», սակայն տիկին Սաղումյանին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրահանգով Երևան քաղաքի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ կողմից հատկացվել է երկու տուփ «Ֆեմարա 2.5 մգ N30» դեղ:

«Եթե այդ կինը գա նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության ժամանակ, միգուցե նախարարն էլի ընդառաջի` հրահանգի ձևով, սակայն օրենսդրական դաշտում այդ դեղը նրան տրամադրելու իրավունք չկա»,- Իրավաբան.net-ին փոխանցեցին Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնից` հավելելով, որ նոր դեղ անվճար տրամադրվող դեղերի ցանկում ընդգրկելը բավականին դժվար է:

Ասվածից ենթադրվում է, որ ազատամարտիկի մայրն ամեն անգամ դեղը վերջանալուց հետո նախարարի մոտ ընդունելության պետք է գնա˚:

«Մեր տան մոտ գտնվող այգում Կաթողիկոսի կողմից օրհնած խաչքար է դրել պետությունը, տակը գրված է` «Կյանքս հայրենիքին. Երվանդ»: Նայում ես ինքըստինքյան արցունքը թափվում է աչքերիցդ: Բա տենց տղայի մոր համար դուք դեղ եթե չտաք, բա ո˚ւմ համար եք տալիս»,- սրտնեղում է ազատամարտիկի մայրը:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել