Նորություններ

ԸՍՏ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԻՑ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ, ՆՐԱՆՑ ՀԱՄԵՐԱՇԽԵՑՆԵԼԸ…

ՀԵԻԱ-ի Հայաստանի իրավունքի պատմության
հանձնաժողովի ղեկավար, իրավաբան
Մարատ Ատովմյան
Դեկտեմբեր 2007թ.

Տարբեր աղբյուրների համաձայն՝ կոռուպցիա բառը առաջացել է լատիներեն corrumpere – փչացնել և corruptio -կաշառում բառերից: Կոռուպցիան ցանկացած հասարակության և պետության համար մեծ վտանգ ներկայացնող երևույթ է: Այն համառոտ կարելի է բնորոշել որպես պաշտոնատար անձի կողմից իր իրավունքների և իշխանական լիազորությունների կիրառում` անձնական օգուտից ելնելով: Կոռուպցիան հանգեցնում է կոնֆլիկտի պաշտոնատար անձի գործողությունների և իրավունքի նորմերի, հասարակության շահերի միջև: Մակրոտնտեսական և քաղաքատնտեսական վերլուծություններին համաձայն՝ կոռուպցիան տնտեսության զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն է, որը կարող է լրջորեն վտանգել ցանկացած վերափոխումները: Ցավոք սրտի կոռուպցիան համաշխարհային երևույթ է: Այն առկա է գրեթե բոլոր պետություններում, ուղղակի որոշ պետություններում այն չնչին է, իսկ որոշ պետություններում` մեծ մասշտաբների է հասել և խորը արմատներ թողել: Կոռուպցիան անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար պարարտ հող է հանդիսանում` դրանով խոչընդոտելով ցանկացած պետության որպես ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը: Կոռուպցիայի առկայությունը դպրոցական և բուհական համակարգում լուրջ խոչընդոտ է կրթված և բարոյական նկարագիր ունեցող սերունդներ ունենալու համար: Հանրահայտ է, որ ցածր կրթական ցենզ ունեցող և ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ի վիճակի չեն արդյունավետ կառավարել և պահպանել մարդու իրավունքները: Այս ամենի գիտակցումը հանգեցրեց լավ կառավարման հայեցակարգի ձևավորմանը: Լավ կառավարումը իր մեջ ներառում է իրավունքի գերակայություն, պետական ապարատի գործունեության արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության հարգում, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների իրական մասնակցություն: Լավ կառավարման գաղափարը շատ է կարևորվում ունիվերսալ և տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների կողմից և նույնացվում է մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ: Նշեմ, որ 2000թ. սեպտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հասատված Հազարամյակների հռչակագրի 5-րդ բաժինը կոչվում է «մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և լավ կառավարումը»:
Կոռուպցիան պատմականորեն ձևավորված երևույթ է: Նրա այս կամ այն դրսևորումները առկա են եղել հնագույն ժամանակներից: Կոռուպցիայի պատմական ակունքները, հավանաբար, սկիզբ են առնում բարեհաճ մոտեցմանը արժանանալու նպատակով նվերներ մատուցելու սովորույթից: Թանկ նվերը տարբերում էր մարդուն այլ խնդրողներից և նպաստում էր, որ նրա խնդրանքը բավարարվի: Ուստի նախնադարյան հասարակություններում քրմին կամ ցեղապետին վարձի վճարումը սովորական էր: Պետական կառավարման համակարգի բարդացմանը և կենտրոնացված իշխանության ամրապնդմանը զուգահեռաբար առաջացան պետական պաշտոնյաներ, որոնք պետք է աշխատեին սահմանված վարձատրության դիմաց: Սակայն գործնականում պաշտոնյաները ձգտում էին, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, թաքնված կերպով ավելացնել իրենց եկամուտները:
Wikipedia.org ինտերնետային հանրագիտարանի համաձայն՝ առաջին տիրակալը, որի մասին պահպանվել են տեղեկություններ որպես կոռուպցիայի դեմ պայքարողի` Լաղաշ քաղաք-պետության շումերական թագավոր Ուրուկագինան էր, որը կոռուպցիայի համար ցուցադրական և հաճախ բավականին դաժան պատժամիջոցներ էր կիրառում: Սակայն այդ ամենը չէր նվազեցնում պետական գումարների մանր չափերով վատնումը, յուրացումը և կաշառակերությունը, որոնք զանգվածային բնույթ էին կրում: Նույն աղբյուրի համաձայն՝ մ.թ.ա 4-րդ դարում Բխարատայի (Հնդկաստան) նախարարներից մեկը Կաուտիլյա կեղծանվան տակ հրապարակված «Արտխաշաստրա» իր աշխատությունում նշում է, որ թագավորի ունեցվածքը նույնիսկ փոքր ծավալներով չի կարող չյուրացվել նրանց կողմից, ովքեր տնօրինում են այդ ունեցվածքը:
Կոռուպցիոն դրսևորումների անթուլատրելիության վերաբերյալ բազմաթիվ դրույթներ ամրագրված են նաև հայ իրավական հուշարձաններում: Օրինակ Գրիգոր Լուսավորչին վերագրվող կանոններում (301-325թթ.) ամրագրված է. «Եթե քահանան կամ աշխարհականը կաշառք առնի, թող Սիմոն կախարդի անեծքը վրան թափվի, Հուդայի կցորդ լինի, նույնպես և Գէեզ բորոտին»: Դավիթ Ալավկաորդու Կանոնագրքի (1130թ.) 97-րդ հոդվածը նվիրված է չար առաջնորդներին և քահանաներին: Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհանրական» աշխատությունում (1166թ.) դիմելով իշխանավորներին՝ ասում է. «Անիրավությամբ մի դատեք որևէ մեկին, այլ ուրիշ դատաստան արեք, որպեսզի Աստված էլ ձեզ քաղցրությամբ դատի և ոչ խստությամբ: Կաշառքը, կողմերից մեկին սիրելը, ատելությունն ու ոխակալությունը կամ որևէ մեկից սպասվելիք պատիվը թող պատճառ չլինեն, որ դատի ժամանակ անիրավին արդարացնեք և արդարի իրավունքները խեղաթյուրեք, որպեսզի սրանց պատճառով ձեր հոգիները արժանի չլինեն Աստծո օրինաց անեծքին»: Դատարանների գործունեությանը և դատավորի կեցվածքին վերաբերող բավականին առաջադեմ նորմեր են ամրագրվել նաև Մխիթար Գոշի Դատաստանագրքում (1184թ.): Ըստ Գոշի՝ դատարանի նպատակը պետք է լինի արդարության բացահայտումը, մարդկանց միջից խռովությունը վերացնելը, նրանց համերաշխեցնելը, իսկ դատավորը պետք է օժտված լինի և տեսական գիտելիքներով, և աշխատանքի փորձ ունենա, որպեսզի անսխալ վարի դատական գործը: Դատավորը պետք է չափահաս լինի, գիտակ, անկաշառ, որպեսզի սխալ որոշում չկայացնի և համարձակ լինի դատարանում ու արդար և այլն: Ըստ նրա՝ դատավարությունը պետք է ընթանա մրցակցային սկզբունքով և վկաների ներկայությամբ: Արդար և անկողմնակալ դատավարության վերաբերյալ դրույթները տեղ են գտել նաև Կիլիկիո Սպարապետ Սմբատի Դատաստանագրքում (1265թ.):
Ինչպես տեսնում ենք կոռուպցիան դարերից եկող և դարեր գնացող երևույթ է: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանդուրժել այն: Ինչպես նշվեց, կոռուպցիան շատ վտանգավոր է ցանկացած հասարկության և պետության համար, ուստի պետք է գտնել օպտիմալ տարբերակ այդ երևույթը հնարավորինս չափով նվազեցնելու համար:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել