Նորություններ

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի ընտանիքից և դպրոցից». Վրեժ Գասպարյան

Մեր զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը: Ի՞նչ կարծիք ունի նա հայ իրավական մտքի և օրենսդրական ոլորտի զարգացման վերաբերյալ, որո՞նք են նրա նախասիրությունները մասնագիտական ոլորտից դուրս:

Մանրամասները՝ «Հայ հանրաճանաչ իրավաբանները»  հատուկ նախագծի երկրորդ հարցազրույցում:

«Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագիծը միտված է ընթերցողին ներկայացնել բացառիկ ավանդ ունեցող հայ իրավաբաններին: Նախագծի կանոնների համաձայնառաջին երեք զրուցակիցներն ընտրում են հաջորդ հերոսներին:

– Պարոն Գասպարյան, որտե՞ղ եք ծնվել: Ի՞նչ հետաքրքիր հիշողություններ  ունեք Ձեր մանկությունից:

– Ես ծնվել եմ Երևանում: Մեր տունը Մելիք -Ադամյան փողոցում էր, ներկայիս Հանրապետության հրապարակի մոտ, և ես այն քիչ երեխաներից էի, ովքեր տոնական շքերթների օրերին գրեթե մշտապես այդտեղ գտնվելու ՙմենաշնորհ՚ ունեին: Այդ ժամանակվա Երևանն ուներ ուրույն բակային կոլորիտ, ինչը, ցավոք, այսօր գրեթե վերանում է:

Vrezh-AZH-IMG_9751-copy– Ինչո՞ւ են Ձեր անունը դրել Վրեժ:

– Իրականում ես երկու անուն ունեմ. մեր հին բակում ինձ ճանաչում են որպես Աշոտ:

– Ինչո՞ւ:

– Մայրս ասում էր՝ եթե մարդը երկու անուն ունի, ապա նա առավել պաշտպանված է չար հոգիներից, քանի որ երբ վերջիններս գալիս են, մի անունը տանում են հետները, մյուսը՝ թողնում: Կարծում եմ, որ Վրեժ անունն իր մեջ ունի որոշակի խորհրդավորություն: Հաճախ, արտասահմանցիների հետ առնչվելիս, երբ ասում եմ, թե անունս թարգմանաբար ինչ է նշանակում (ժպտում է-հեղ.), կատակում են, որ ինձ հետ գործ չեն ուզում ունենալ:

– Հետաքրքիր էր… Փաստորեն Դուք ունեք մի անուն, որը պարզապես անհամատեղելի է իրավաբանության հետ: Իրավաբանության մեջ չկա «վրեժ»-ի, այսինքն՝ հաշվեհարդարի հասկացություն: Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք հենց իրավաբանի մասնագիտությունը:

– Փոքրուց շատ եմ սիրել տեխնիկա, սիրել եմ կարդալ, չորս գրադարան էի այցելում, բաժանորդագրված էի մի շարք գիտահանրամատչելի ամսագրերի: Հաճախում էի ռադիոյի և ավիամոդելիզմի խմբակներ: Ցանկանում էի դառնալ ռադիոինժեներ կամ կիբեռնետիկ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ, լինելով ռադիոսիրահար, ընտրեցի հենց իրավագիտությունը: 10-րդ դասարանում էի սովորում, մի օր դասընկերներով սրճարանում շամպայն էինք խմել, դուրս եկանք զբոսնելու, մեզանից մի քանիսը մտան Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակի շատրվանների ջրավազանի մեջ: Մեզ մոտեցան ոստիկանները և կոպիտ ու գռեհիկ ձևով փորձեցին մեզ տանել ոստիկանական բաժանմունք՝ «բացատրական աշխատանք տանելու»: Սակայն իմ ճարտարախոսության և բացատրությունների շնորհիվ դա տեղի չունեցավ: Վերջում, երբ նրանք հեռանում էին, ժպիտով ասացի. «Ես դառնալու եմ բարձրաստիճան պաշտոնյա և ձեր ղեկավարը»: Այդ ոստիկանների ամբարտավան վերաբերմունքն իմ մեջ ավելի ուժեղացրեց անարդարության դեմ ներքին ընդվզումը: Բանակային ծառայությունից հետո որոշեցի դառանալ իրավաբան:

–  Ներկայումս Դուք բավականին փորձառու իրավաբան և պաշտոնյա  եք, Ազգային ժողովի  նախագահի գլխավոր խորհրդականը: Ի՞նչ գործառույթներ եք իրականացնում:

– Իմ գործառույթները հիմնականում վերաբերվում են Ազգային ժողովի նախագահի լիազորությունների իրականացման կազմակերպական, իրավախորհրդատվական ապահովմանը: Միաժամանակ, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությունների շրջանակներում, համակարգում եմ նրա աշխատակազմի ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև կատարում Ազգային ժողովի նախագահի առանձին հանձնարարություններ:

– Պարոն Գասպարյան, ի՞նչ կարծիքի եք հայ իրավական մտքի զարգացման մասին:

IMG_9911-copy– Հասարակական կյանքի փոփոխություններին համընթաց՝ իրավական միտքը ևս զարգանում է: Ինքս մշտապես հետևում եմ Հայաստանում լույս տեսնող իրավական գրականությանն ու գիտական հրապարակումներին: Իմ գիտական նախասիրությունները ներառում են սահմանադրագիտությունը, միջազգային իրավունքը և վարչական իրավունքը: Կուզեի առանձնացնել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կատարվող արժեքավոր գիտական հետազոտություններն և  աշխատությունները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տարվող հետևողական աշխատանքը սահմանադրագիտությանը և իրավունքի այլ ոլորտներին առնչվող հայալեզու գրականության ստեղծման ուղղությամբ: Ձևավորվել է հարուստ մասնագիտական գրադարան, որը պարբերաբար համալրվում է:  Որպես մասնագետ՝ գիտագործնական առումով ինձ համար շատ արժեքավոր են ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի գիտական աշխատությունները՝ սահմանադրագիտության ոլորտում նորարական մոտեցումների, արդիական հիմնարար լուծումների առումով: Անկեղծ ասած, ինքս էլ երբեմն չեմ կարողանում զերծ մնալ գիտական հոդվածներ գրելու գայթակղությունից:

– Սահմանադրության փոփոխությունները ընդունվել են: Ի՞նչ է սպասվում Ազգային ժողովին. խոսքը կառուցակարգային, համակարգային փոփոխությունների մասին է:

– Բարեփոխված Սահմանադրությամբ Ազգային ժողովի իրավաքաղաքական դերը էապես բարձրանում է: Ինչ վերաբերվում է կառուցակարգային, համակարգային փոփոխություններին, ապա այդ ամենը հիմնականում արդեն ամրագրված են  սահմանադրության փոփոխություններով: Ներկայումս իրավասու մասնագետներն ակտիվ օրինաստեղծ նախագծման աշխատանքներ են կատարում՝ մանրամասնելու նոր սահմանադրական հրամայականները, որոնց արդյունքները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն մեր հանրության և Ազգային ժողովի քննարկմանը:

–  Երբեմն այնպիսի տպավորություն է, թե օրենսդրական գործընթացի հիմնական «գործող անձը» կառավարությունն է, իսկ Ազգային ժողովի դերը սահմանափակ է: Նմանատիպ գնահատական կար ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի 2014թ. զեկույցում: Զեկույցի հեղինակները նշել էին, թե կառավարության ծրագիրը որպես կանոն ներառում է տարվա կտրվածքով առաջարկվող 150-200 օրենքներ, ինչն անխուսափելիորեն մեծ ճնշում է առաջացնում թե՛ կառավարության, թե՛ ԱԺի օրինաստեղծ ռեսուրսների հարաբերակցության վրա: Ինչպե՞ս եք վերաբերվում այս պնդումներինարդյո՞ք, իսկապես, նման խնդիրներ կան և, եթե այո, 2 տարվա ընթացքում դրանք լուծվե՞լ են:

– Ձեր հարցը իրավաքաղաքական տեսանկյունից խորքային է և կարող է վերաբերվել շատ պետությունների խորհրդարաններում օրենսդրական նախաձեռնությունների իրացման գործընթացներին: Մեր իրականությունն այն է, որ ընդունված օրենքների մեծ մասը կառավարության նախաձեռնություններն են: Դա պայմանավորված է կառավարության սահմանադրական գործառույթներով և նրա՝ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ծրագրով, ինչպես նաև գործադիրի մասնագիտական կադրային ներուժով: Բացի այդ, մեր հասարակական կյանքի և տնտեսության հիմնական «շոգեքարշը» կառավարությունն է: Այդուհանդերձ, այս հանգամանքը չի խանգարում ոչ միայն պատգամավորների ակտիվ օրինաստեղծ նախաձեռնողականությանը, այլև կառավարության՝ խորհրդարան ներկայացրած նախագծերի հանգամանալի քննարկմանը: Ամեն դեպքում, անկախ նախաձեռնության հեղինակից, օրենքներն ընդունում է միայն Ազգային ժողովը: Նշեմ, որ օրենսդրական նախաձեռնությունների քանակի հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև դրանց կարգավորիչ բովանդակային որակները: Ի դեպ, հաջորդ գումարման խորհրդարանում, Սահմանադրության վերջին փոփոխությունների արդյունքում, օրենսդրական նախաձեռնության իրավունք կունենան նաև Ազգային ժողովի խմբակցությունները:

– Սահմանադրության վերջին փոփոխությունները ապահովո՞ւմ են քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

– Մի պատմություն հիշեմ. վրդովված քաղաքացին  թակում է պաշտոնյայի դուռը և հարցնում. ՙԿարելի՞ է: Կարելի′ է, – պատասխանում է պաշտոնյան: «Ես իրավունք ունե՞մ» – հարցնում է քաղաքացին, ներկայացնելով իր խնդիրը: Այո′, – պատասխանում է  պաշտոնյան, – ըստ օրենքի՝ Դուք իրավունք ունեք: «Իսկ ես կարո՞ղ եմ», – հարցնում է քաղաքացին: «Ո′չ, օրենքով դա նախատեսված չէ», – պատասխանում է պաշտոնյան:

Այսինքն, առանցքային իրավական խնդիր կա Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և երաշխիքների արդյունավետ իրացման առումով՝ գոյություն ունեցող նյութական նորմերը պետք է կարողանանք օրենսդրորեն  առավել իրագործելի դարձնել: Այս մոտեցումը մենք որդեգրել ենք Ազգային ժողովում քննարկվող բոլոր նախագծերի առնչությամբ:

Սահմանադրական նոր իրավակարգավորումները պայմանավորված են մեր հասարակության առաջընթաց զարգացմամբ և համամարդկային արժեքները հաշվի առնելով՝ հնի վերացմամբ, թերացումների շտկմամբ ու արդիական մոտեցումների ներմուծմամբ: Այս ամենը միտված է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրագործմանն ու պաշտպանությանը և, ինչու չէ, նաև բարեկեցիկ կյանքի ապահովմանը:

Vrezh-Venetiki-handznazhoghov-2Լավատեղյակ լինելով փոփոխված Սահմանադրության առաջադիմական իրավակարգավորումներին և օրենսդրության շարունակական կատարելագործման գործընթացին՝ կարող եմ արձանագրել, որ միտումները դրական են:

Մյուս կողմից, Սահմանադրությամբ և օրենքով չէ միայն, որ պետք է չափենք մեր որակական առաջընթացի կամ իրավունքների երաշխավորվածության աստիճանը: Կարծում եմ՝ որպեսզի օրենքներն ավելի արդյունավետ կիրառություն ունենան մեր կյանքում, կարևոր է  շեշտը դնել նաև մարդկանց դաստիարակության, կրթվածության և մշակույթի վրա:

– Շարունակում է առաջնային խնդիր մնալ կոռուպցիան: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

– Այդ կործանարար երևույթին դեմ լինելը քիչ է: Ես, որպես քաղաքացի,  առօրյա կյանքում ավելի շատ տեսնում եմ դժգոհություններ ոչ թե կոռուպցիայից, այլ պատկան մարմինների հետ քաշքշուկներից:

Կոռուպցիայի դեմ ամեն մի պետություն ունի պայքարի իր մոդելը: Ասել, թե ինքս ունեմ կոնկրետ դեղատոմս՝ սխալ կլինի: Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարում, որպես իրավական գործիքակազմ, առկա են թե անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ, թե, համոզված եմ, քաղաքական կամք: Ես կարող եմ վստահաբար մի բան ասել՝ այդ արատավոր երևույթի դեմ պայքարը պետք է սկսվի ընտանիքից և դպրոցից: Զանգվածային քարոզչություն պետք է լինի, որ կոռուպցիան մեզ հարիր չէ, կործանարար է և հետընթաց:

– Դուք բավականին բարձր պաշտոն եք զբաղեցրել մեր երկրի բոլոր երեք  նախագահների աշխատակազմերում: 1996-2005 թթ. աշխատել եք ՀՀ Նախագահի աշխատակազմում որպես  պետաիրավական վարչության պետ: Խնդրում եմ կիսվել Ձեր հուշերով:

03_Vrezh-Mkhitar-Goshi-medalov-pargevatrum28.05.28– Ինձ համար բոլոր նախագահների հետ աշխատելն էլ մեծ պատիվ է եղել, անչափ հետաքրքիր և ուսանելի: Այսպիսի մի դեպք հիշեմ, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ աշխատած ժամանակաշրջանին. երբ նա դեռ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ինձ հանձնարարեց մի փաստաթուղթ պատրաստել: Ես պատրաստեցի և ներկայացրեցի փաստաթղթի նախագծի երեք տարբերակ: Սերժ Սարգսյանը ծանոթացավ ու ընտրեց երրորդ տարբերակը: Երբ դուրս եկա նրա աշխատասենյակից, մտքումս տարակուսած էի՝ ինչո՞ւ հենց այդ տարբերակը ընտրվեց: Օրեր անցան, այդ փաստաթղթի հետ կապված՝ մեր հասարակական կյանքում որոշակի զարգացումներ տեղի ունեցան, և ես հասկացա, որ  նախագահն առավել հեռատես էր ու շատ իմաստուն որոշում էր կայացրել:

– Ի դեպ, երբ Դուք դերևս նախագահականում էիք, Ձեր ընդդիմախոսները մամուլով փորձում էին չարախոսել՝ նշելով, որ Դուք դատական քաշքշուկների մեջ եք ինչ-որ գործարարի հետ:

– Նախ՝ եղբորս նախաձեռնությամբ էր դատական գործընթաց սկսվել: Իսկ պատասխանող կողմը թիրախ դարձրել էր ինձ, թերևս վախենալով իմ հեղինակությունից. ցանկանում էին եղբորս իմ հնարավոր սատարումից զրկել: Ժամանակը և դատարանի որոշումները ցույց տվեցին, որ եղբայրս իրավացի էր: Ձեր նշած «ընդդիմախոսները» սխալ էին, իսկ մամուլում այս առիթով տեղ գտած հրապարակումերն ուղղակի պատվիրված, անհիմն զրպարտանքներ:

Ձեր աշխատասենյակի պատերին կախված են չինական նկարներ: Սեր ունե՞ք այդ մշակույթի նկատմամբ:

– Մեծագույն սեր ունեմ: Ի դեպ, ինձ, ընտանյոք հանդերձ, բախտ է վիճարկվել լինել Չինաստանում, հանգամանալի ծանոթանալ այդ չնաշխարհիկ երկրի հինավուրց մշակույթին և ավանդույթներին: Իմ շրջապատում էլ շատ են  չինական մշակույթը գնահատողները: Ի դեպ, մի քանի տարի եղել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի խորհրդի անդամ: Ես մեծ ոգևորություն եմ ապրում հայ-չինական կապերի դինամիկ զարգացումով:

– Կնշե՞ք գրքեր, որոնք փոխել են Ձեզ, Ձեր մտածելակերպը:

– Անկեղծ լինեմ, շատ ընթերցասեր եմ: Հիմա էլ մասնագիտական գրականությունից բացի հաճախ եմ անդրադառնում գեղարվեստական գրականությանը: Հարցի առնչությամբ շատ-շատ գրքեր կարող եմ հիշատակել: Հանպատրաստից կնշեմ Վլադիմիր Լևիի, Դեյլ Քարնեգիի գրքերը: Անպայման կցանկանայի հիշատակել ռուս գրող Արկադի Գայդարի «Թիմուրն ու իր ջոկատը» պատմվածքն ու դրա հիման վրա նկարահանված ֆիլմը, որի հիմքում տարեցներին և կարիքավորներին օգնելու դաստիարակչական մոտիվն էր: Ընդհանրապես, բարության այդօրինակ քարոզչության կարիքը, կարծում եմ, մեր երեխաներն այսօր էլ ունեն:

– Ի՞նչ երաժշտական նախասիրություններ ունեք:

– Իմ երաժշտական նախասիրությունների շրջանակը նույնպես լայն է՝ դասականից մինչև ազգային, ջազային ու էստրադային երաժտություն: Ինձ համար կազմել եմ «ոսկյա» երաժշտության շտեմարան՝ ավելի քան 500 գործ, որը սիրով փոխանցում եմ իմ ընկերներին:

– Ի՞նչ եք սիրում անել ազատ ժամանակ:

– Անկեղծ ասած, ազատ ժամանակ շատ չեմ էլ ունենում: Հնարավորության      դեպքում ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ամառանոցում, զբաղվել այգեգործությամբ, երբեմն էլ դեգերում եմ համացանցում՝ փորձելով հետևել աշխարհի անցուդարձին: Երեք բան չեմ անում (ժպտում է-հեղ.)՝ ֆուտբոլ չեմ դիտում, նարդի չեմ խաղում ու մեքենա չեմ վարում:

02_Vrezhs-Fameli-13.03.2016-IMG_9742– Խնդրում եմ՝ մի քանի խոսքով ներկայացրեք Ձեր ընտանիքը:

– Կինս՝ Լաուրա Նավասարդյանը, մասնագիտությամբ նույնպես իրավաբան է, ունի մասնագիտական աշխատանքի երկարամյա փորձ: Դուստրս՝ Աննան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է, իսկ տղաս՝ Դավիթը, ավագ դպրոցի աշակերտ:

– Խնդրում եմ պատմել զավեշտալի ու զվարճալի մի դեպք Ձեր աշխատանքային առօրյայից:

– Մի օր պաշտոնյաներից մեկից ստացա այսպիսի գրավոր եզրակացություն.

« …Կառավարության որոշման նախագծում տեղ են գտել մի շարք վրպակներ»:

Այո, այո,  «վրիպակ» բառը հենց այդպես էլ գրված էր՝ «վրպակ»:

– Եվ վերջում, խնդրում եմ նշել «Հայ իրավաբաններ» հատուկ նախագծի հաջորդ զրուցակցի անունը:

– Արփինե Հովհաննիսյան. ես կցանկանայի, որ հաջորդ զրուցակիցը լինի արդարադատության նախարարը:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝

«Ես սովորում եմ». Ալվինա Գյուլումյան

Ստորև ներկայացնում ենք նաև Վրեժ Գասպարյանի կենսագրությունը.

Վրեժ Հովհաննեսի Գասպարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 31-ին, Երևան քաղաքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

1969-1979թթ.        սովորել և ավարտել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան N 12 ռուսական միջնակարգ դպրոցը:

1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ՀՀ զինված ուժերի պահեստի սպա է:

1985-1990թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել է իրավաբանի որակավորում:

1984-1986թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել է արվեստագետի հասարակական մասնագիտություն:

Մասնագիտական վերապատրաստում է անցել բազմաթիվ միջազգային և ազգային հեղինակավոր հաստատություններում (ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա, ՌԴ, Հայաստան)

1979-1980 թթ. աշխատել է    Կապի գիտահետազոտական ինստիտուտի երևանյան բաժանմունքում՝ որպես լաբորանտ, այնուհետև, զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո,  1982-1983թթ.՝ որպես ավագ  տեխնիկ:

1983-1985 թթ. աշխատել է Երևանշին միավորման  թիվ 37  հատուկ  մեքենայացված  վարչությունում՝ որպես գծային  բանվոր:

1990-1996թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչությունում` որպես առաջին կարգի, այնուհետև՝ առաջատար, ապա` գլխավոր խորհրդատու:

1995-1996թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես գլխավոր իրավախորհրդատու:

1996-2005թթ.  աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում` նախ որպես աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ, ապա, 1998 թվականից, պետաիրավական վարչության պետ:

2006-2009թթ. աշխատել է ՀՀ  Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալի պաշտոնում:

2009-2011թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնում:

2011 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2012 թ. փետրվարի 3-ը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, իսկ 2012 թ. փետրվարի 3-ից մինչև մարտի 15-ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

2012 թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 18-ը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար- Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

2012 թ. սեպտեմբերի 18-ից մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականն է:

ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրերով Վրեժ Գասպարյանին շնորհվել են`

արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (09.06.2000թ. ՆՀ-604 հրամանագիր),

քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (30.12.2004թ. ՆՀ-224-Ա հրամանագիր):

Պարգևատրվել է`

Մխիթար Գոշի մեդալով՝ իրավագիտության ասպարեզում ունեցած ծառայությունների համար (ՀՀ Նախագահի 2015թ. մայիսի 23-ի ՆՀ-379-Ա հրամանագիր),

ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով (ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հունվարի 22-ի N31 հրաման),

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» արծաթե մեդալով (Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի 2012 մայիսի 16-ի N33 որոշում),

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով (ՀՀ ԱԺ նախագահի 2011թ. դեկտեմբերի 28-ի Կ-262-Ա կարգադրություն):

Յոթ գիտական հոդվածի հեղինակ է:2009 թ. սեպտեմբերից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա` աղջիկ և տղա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել