Վերացել է քաղաքացու նկատմամբ կիրառված սահմանափակումը

Վրաստան մեկնել ցանկացող քաղաքացին Օմբուդսմենի թեժ գծին ահազանգել է‚ որ հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի հատվածում‚ իր նկատմամբ ձեռնաշղթա է կիրառվել և իրեն տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժանմունք‚ որտեղ պարզվել է‚ որ 2014թ. Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը ներգրավված է եղել որպես վկա‚ և քննիչի որոշմամբ սահմանափակվել է իր՝ ազատ տեղաշարժման իրավունքը:

Քաղաքացին տեղեկացրել է նաև‚ որ քրեական գործը կարճվել է‚ մինչդեռ Ոստիկանությունից իրեն հայտնել են‚ որ իր նկատմամբ սահմանափակումը չի վերացվել: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ։

Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը կապվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի հետ‚ ով հաստատել է քաղաքացու նկատմամբ սահմանափակում կիրառելու փաստը՝ հավելելով‚ որ քրեական գործի քննությունը ՀՔԾ-ից տեղափոխվել է Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեից Օմբուդսմենի ներկայացուցչին հայտնել են‚ որ մոտ երկու շաբաթ առաջ գրություն են ուղարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն քաղաքացու նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացնելու համար‚ և անհասկանալի է‚ թե ինչու մինչև հիմա սահմանափակումը չեն վերացվել:

Մ. Մարտիրոսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ոստիկանության համապատասխան աշխատակցի հետ‚ ով հայտնել է‚ որ Քննչական կոմիտեի կողմից ուղարկված գրությունը թերի է եղել այդ իսկ պատճառով սահմանափակումը դեռևս չի վերացվել:

Օմբուդսմենի միջնորդությունից հետո քաղաքացու նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել