Հայաստանում տղա-աղջիկ սեռային հարաբերակցությունը էականորեն խախտված է. ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում շտկել իրավիճակը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծում կարդում ենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:

Նշվում է, որ նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում և հասարակությունում տղայի դերի և նշանակության մասին ձևավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:

Այսպես՝ 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման:

Այսպիսով, ըստ կառավարության՝ սեռերի ծնունդների հարաբերակցության վերը ներկայացված պատկերի պահպանումը լուրջ ժողովրդակագրական խնդրի է վերածվել: Ներկա փուլում սեռով պայմանավորված հղիության ընդհատումը արգելող հստակ օրենսդրական կարգավորումներ ՀՀ-ում չի գործում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով հղիության արհեստական ընդհատման հետ կապված այլ կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը ամբողջովին վերանայել` հստակ ամրագրելով սեռով պայմանավորված աբորտ կատարելու արգելքը, որի խախտման դեպքում արարքը կդիտարկվի որպես ապօրինի կատարված և կհանգեցի օրենքով նախատեսված պատասխանատվությանը:

Բացի այդ, գործող օրենսդրության մեջ առկա են խնդիրներ, որոնց կարգավորումն անհրաժեշտ է հղիության արհեստական ընդհատման գործընթացում առկա արձանագրված բացերը վերացնելու համար:

Նախագծի ընդունման դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսված նաև բժիշկների համար: Այսպես` բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելու դեպքում տուգանք է նախատեսված 40 հազար դրամի չափով:

Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտ) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը կպատժվի  80 հազար դրամով:

Նախագիծն այսօր հաստատվեց, այս գործընթացից հետո այն պետք է մտնի ԱԺ և ընդունվելու դեպքում, ստորագրվի նախագահի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել