Նորություններ

Համասեփականատերերն ինչպե՞ս կարող են վաճառել ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը

Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում համասեփականատետերից յուրաքանչյուրը ինչպես կարող է նվիրել, վաճառել կամ փոխանակել իր բաժնեմասը:

Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է նվիրել, վաճառել կամ փոխանակել միայն մնացած բոլոր համասեփականատերերի համաձայնությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածը սահմանում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ անկախ նրանից, թե ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը վաճառելիս կամ փոխանակելիս կիրառվում է ոչ միայն վերը նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածը, այլ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի կանոնները: Այն է ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մյուս մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն: Այսինքն՝ վաճառողը իր բաժնեմասը վաճառելիս պետք է իր բաժնեմասի վաճառելու մտադրության մասին առաջարկի սեփականության մյուս մասնակիցներին՝ նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում, ծանուցումը ուղարկելու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառելու ցանկացած անձի: ՀՀ քաղ. օրենսդրության 589 հոդվածի համաձայն փոխանակության պայմանագրի նկատմամբ կիրառվում են առքուվաճառքի կանոնները: Ընդ որում կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է փոխանակությամբ ընդունել:

«Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել