«Iphone 6» վաճառող iCentre.am և Mynotebook խանութ սրահները մոլորեցնո՞ւմ են գնորդներին

icentre (1)Իրավաբան.net է դիմել ՀՀ քաղաքացի, ով ցանկացել է գնում կատարել iCentre.am և Mynotebook խանութ սրահներից: iCentre.am հասցեով կայքում նա կարդացել է, որ «iPhone 6» հեռախոս գնելիս գործում է տաս տոկոս զեղչ` iCentre.am-ի զեղչի քարտը ներկայացնելու դեպքում (քաղաքացին նաև այս փաստը ֆիքսել է iCentre.am պաշտոնական կայքից «Print Screen» կոճակի միջոցով):

Երբ վերջինս այցելել է Նալբանդյան 50 հասցեում գտնվող խանութ սրահ և հայտնել, որ նպատակ ունի փոխանցում կատարելու ճանապարհով գնումն իրականացնել` ներկայացնելով համապատասխան զեղչի քարտը, աշխատակիցը պատասխանել է, որ փոխանցման պարագայում զեղչ չի գործում:

Քաղաքացին պնդել է, որ կայքում որևէ տարանջատում չի եղել, թե գնումն իրականացվում է փոխանցման միջոցով, թե կանխիկ ճանապարհով, սակայն աշխատակիցը հակառակն է համոզել: Արդյունքում` քաղաքացին գնում չի կատարել և հեռացել է խանութից, որից հետո կայքում փոխվել է նշյալ դրույթը (տես` երկրորդ լուսանկարում):

Այսպես` iCentre.am կայքում ժամը icentre e (1)14:58-ին նշված էր հետևյալը. «10% զեղչ iCentre.am-ի զեղչի քարտը ներկայացնելու դեպքում», իսկ այժմ` «10% զեղչ կանխիկ գնման դեպքում»: iCentre.am սրահից հրաժարվեցին հրապարակման համար մեկնաբանություն տալ:

Նույն քաղաքացին փորձել է գնում կատարել Mynotebook.am խանութ սրահից: Երբ նա տեղեկացրել է, որ նպատակ ունի փոխանցման միջոցով գնում կատարել` նրան ասել են, որ տվյալ պարագայում 10 տոկոս ավելի պետք է վճարի: Գնորդը պնդել է, որ իրենց կայքում նման բան նշված չէ, իսկ սրահի աշխատակիցը պատասխանել է, որ դա խանութի պայմանն է: Mynotebook.am խանութ սրահի տնօրեն Ժորա Եգանյանը փոխանցեց, որ խանութի պայմաններն այնպիսին են, որ փոխանցման ճանապարհով կամ ապառիկ գնելիս գինը բարձրանում է 10 տոկոսով: Սակայն տնօրենի պնդումներին ի հակառակ, խանութ սրահի պաշտոնական կայքից հստակ երևում է, որ «iPhone 6» հեռախոսի համար տարբերակված գներ սահմանաված չեն` կանխիկ, փոխանցմամբ և ապառիկ գնումների համար, այլ սահմանաված է մեկ գին (տես` երրորդ լուսանկարում):

mynotebook am

10 տոկոսը հետաքրքիր ենթատեքստ ունի: Այսպես` կանխիկ գնման դեպքում քաղաքացուն կարող են չտրամադրել ՀԴՄ կտրոն. իսկ ՀԴՄ կտրոնի տրամադրման դեպքում, կտրոնի վրա ընդամենը նշված է լինում գինը, սակայն` ոչ ապրանքը, մինչդեռ փոխանցման պարագայում տրամադրվում է հաշիվ-ապրանքագիր, որտեղ հստակ նշվում է ապրանքը: Տվյալ պարագայում խանութ սրահը նախ պետք է ունենա օրինական` ձեռք բերված և գրանցված iPhone 6 հեռախոսը, ինչպես նաև ստիպված կլինի վճարել iPhone 6 հեռախոսի համար նախատեսված հարկերը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքով հստակ ֆիքսված է, որ տնտեսվարողի ցանկացած գործունեություն, որը կարող է իր առաջարկված ապրանքի կամ ծառայությունների վերաբերյալ մոլորության մեջ գցել սպառողին կամ առաջացնել շփոթություն, իհարկե, հանդիսանում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:

«Նման դժգոհություններ շատ են, երբ նախապես տնտեսվարողը մեկ բան է առաջարկել, սակայն քաղաքացին այցելելով խանութ` ցանկացել է օգտվել ծառայությունից, պարզվել է, որ պայմանները բոլորովին այլ են: Մի քանի տասնյակ գործեր ենք ունեցել»,- ասաց տիկին Սահակյանը` հավելելով, որ այս հոդվածի հրապարակումից հետո ՏՄՊՊՀ-ն այն հետազոտության համար հիմք կընդունի. «Մենք մամուլի հրապարակումները ևս ուսումնասիրության հիմք ենք ընդունում»:

Իրավաբան.net-ը այս հարցում հետևողական  է լինելու և իր ընթերցողներին մոտ ապագայում կներկայացնի իր կողմից իրականացված լրագրողական հետաքննության արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել