Ընտանիքում ես ավելի լիբերալ եմ և մեղմ. Էլինար Վարդանյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ազատ ժամանակ ընթերցում է օրենքներ ու նախագծեր, սակայն փորձում է գեղարվեստական գրականություն կարդալու համար նույնպես ժամանակ գտնել: Նա չափազանց տպավորված է երկու ստեղծագործություններով, որոնցից առաջինը «Փոքրիկ Իշխանն» է, իսկ երկրորդ գիրքը կարդացել է երեք լեզուներով և դեռ ցանկանում է վերընթերցել այն: Ո՞րն է Էլինար Վարդանյանի ամենասիրելի գեղարվեստական գիրքը, ինչո՞ւ նա մուտք գործեց Ազգային ժողով և ինչպիսի՞ն է նա տանը` ընտանիքի անդամների հետ: Կարդացեք «Կանայք` օրենսդիրում» շարքի հերթական հարցազրույցում:

Տիկին Վարդանյան, 2001 թվականից Դուք փաստաբանների պալատի անդամ եք: Խնդրում եմ հակիրճ ներկայացնել Ձեր փաստաբանական գործունեությունը:

Ես բուհն ավարտել եմ 2000թ.-ին և 2001թ.-ին բոլորովին նորաթուխ իրավաբան իմ ուժերը փորձեցի այդ ոլորտում: Սկզբնական շրջանում միայն քրեական գործերով էի զբաղվում, անկեղծ ասած` ես ինձ տեսնում էի այդ ոլորտում: Սակայն երկու տարի աշխատելուց հետո, հասկացա, որ մի քիչ ավելի ռոմանտիկ էի, քան պետք է լիներ: Արդյունքում սահուն անցում կատարեցի դեպի քաղաքացիական գործեր: Երկար ժամանակ զբաղվել եմ փաստաբանական գործունեությամբ: Մի պահ հիմնականում զբաղվում էի փաստաբանական և հասարակական գործունեությամբ:

Ինչո՞ւ որոշեցիք գործունեություն ծավալել հենց օրենսդիր դաշտում` Ազգային ժողովում:

Ազգային ժողով անցումը եղել է հենց հասարակական գործունեության արյունքում: Երկար տարիներ լինելով քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեկում` ղեկավարել եմ հասարակական կազմակերպություն, այսպես սահուն անցում եղավ: Այն գործունեությունը, այն բազան, որ հավաքվել էի հասարակական գործունեության ընթացքում, ինձ պիտանի եղավ ու շարունակում է պիտանի լինել օրեսդրական դաշտում:

Ի՞նչ խնդիրներ կան կնոջ համար այս ոլորտում:

Իրականում, ես չեմ առանձնացնում սեռային տարբերությունները, որովհետև ցանկացած վայրում շատ ավելի կարևոր է անձի պատրաստվածությունը, նպատակները, գործունեությունն ու բանիմացությունը: Հետևաբար` այստեղ առանձնացնել, թե տվյալ ոլորտում աշխատողը կին է, թե տղամարդ, իմ գնահատմամբ` տեղին չէ: Իմ գործունեության ընթացքում որևէ խոչընդոտ չեմ նկատել կապված այն փաստի հետ, որ ես կին եմ: Ավելին` երբեմն նույնիսկ դա հեշտացնում է գործունեությունը;

Արդյոք կանայք բավարա՞ր չափով ներգրավված են այս ոլորտում, խոսքը օրենսդրական դաշտի մասին է:

Ոչ, ես կարծում եմ, որ ընդամենը 11 տոկոսը ԱԺ-ում կանանց ներգրավվածության համար, բավարար չէ, որովհետև կանայք իրականում ունեն բավականին լուրջ ներուժ, որը բնականաբար պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում: Ցավոք, մենք ունենք այսպիսի ավանդույթներ և կարծրացած մոտեցումներ հատկապես քաղաքականության ոլորտում, բայց վերջին տարիների ընթացքում դա նույնպես աստիճանաբար տեղի է տալիս: Մյուս կողմից ինձ անհանգստացնում է նաև այն, որ փորձելով խթանել կանանց ներգրավվածությունը` այն կկրի արհեստական բնույթ: Չպետք է արհեստականորեն ԱԺ-ն համալրել կանանցով, որոնք քաղաքականության ոլորտում պարզապես անելիք չունեն:

Ի՞նչ է տալիս այս պաշտոնը Ձեզ և Ձեր ընտանիքին:

Ինձ տալիս է հնարավորություն բարձրացնելու բոլոր այն խնդիրները, որոնք որ ես մինչ այս արդեն տեսել եմ տարբեր բնագավառներում, և փորձելու` օրենսդրական լուծումներ տալ տարբեր խնդիրներին, որոնք որ իմ գնահատմամբ հրատապ են: Իսկ ի՞նչ է տվել իմ ընտանիքին, անկեղծ ասած` մի քիչ ավելի բարդ է դարձել կյանքն իմ ընտանիքի անդամների համար, որովհետև ցավոք, ես ավելի քիչ ժամանակ եմ տրամադրում ընտանիքին, քան կցանկանայի:

Ձեր գործունեությունն այսօր ի՞նչ կերպ է ընթանում, խնդրում եմ ներկայացնել Ձեր առօրյան:

Առօրյան` առավոտյան աշխատանքի եմ գալիս, նախ ծանոթանում եմ շրջանառության մեջ դրված վերջին օրենքների նախագծերի հետ, բնականաբար բազմաթիվ հանդիպումներ, որովհետև բացի այն, որ ես ընդունում եմ քաղաքացիներից դիմումներ, նաև նրանց խնդրանքով հանդիպում եմ վերջիններիս հետ, անմիջականորեն նրանցից լսում խնդիրները: Օրվա ընթացքում լինում են քննարկումներ տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, իսկ եթե քառօրյա է, ամբողջ օրը նիստերի դահլիճում է անցնում:

Ներկայումս ի՞նչ օրենսդրական փաթեթի վրա եք աշխատում:

Այս պահին, արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ կողմից հեղինակված արհեսատակցական միությունների օրենքում և աշխատանքային օրենսգրքում մի շարք փոփոխությունների փաթեթը, որն արդյունք է հենց արհեստակցական միությունների և գործարարների միությունների համագործակցության, ինչպես նաև աշխատանքային բազմաթիվ հանդիպումների: Օրենքի նախագծում հենց ներառված են այն առաջարկները, որոնք ներկայացվել են վերջիններիս կողմից:

Երբ աշխատանքից տուն եք գնում, ի՞նչն է Ձեզ ուրախացնում կամ լիցքաթափում:

Բնականաբար, երեխաներս են լիցքաթափում, իսկ ուրախացնում է այն, երբ ես հայտնաբերում եմ, որ այդ օրվա համար արդեն պատրաստի որևէ ուտելիք ունենք (ժպտում է-Գ.Թ.), որովհետև հակառակ դեպքում, երբ վերադառնում ենք տուն, առաջինը, որով ես զբաղվում եմ, արագ այդ օրվա համար որևէ բան պատրաստելն է:

Դուք ի՞նչ նախասիրություններ ունեք` երաժշտության ու գրականության ոլորտում, և ընդհանրապես` հոբբի ունե՞ք:

Ես սիրում եմ տարբեր ոճերի լավ երաժշտություն, կան դասական երաժշտություններ, որոնք գագաթնակետն է, բայց միաժամանակ սիրում եմ նաև ջազային և  ռոք լավ ստեղծագործություններ ու կատարումներ: Իմ սիրելի երգերի ցանկում կան նաև աշխարհահռչակ փոփ ստեղծագործություններ, որոնց նկատմամբ, բնականաբար, ես էլ չէի կարող անտարբեր լինել: Սիրում եմ կարդալ, բայց վերջերս այնքան էլ հաճախակի դա չի ստացվում, որովհետև հիմնականում կարդում եմ օրենքներ և օրենքների նախագծեր, սակայն գոնե հաջողացնում եմ քնելուց առաջ մի քանի էջ ընթերցել, եթե շատ հոգնած չեմ լինում: Հոբբիներ, կարծես թե չունեմ:

Կենտրոնանք գրականության վրա, գրքերը հետաքրքիր ուղենիշ կարող են հանդիսանալ մարդու կյանքում, ո՞ր գիրքն է, որ մեծ ազդեցություն է գործել Ձեր վրա:

Ես շատ տպավորված եմ եղել և շարունակում եմ տպավորված մնալ երկու հիմնական ստեղծագործություններով, դրանցից մեկը «Փոքրիկ Իշխանն» է, մյուսը` «Հարյուր տարվա մենությունը»: Ընդ որում` այս վերջի գիրքը ես ընթերցել եմ երեք լեզուներով, առաջինը ընթերցել եմ հայերենով, մի որոշ ժամանակ անց ես զգացի, որ կրկին պետք է այդ գիրքը կարդամ, հաջորդը եղավ ռուսերեն «Հարյուր տարվա մենությունը», ավելի ուշ անգլերենն եմ կարդացել, ես ամեն անգամ այդ գիրքը կարդալուց ինձ համար ինչ-որ նոր բաներ եմ հայտնագործում: Ինձ այդ գիրքը շատ հոգեհարազատ է:

Օրենսդիրը, ենթադրվում է, որ պետք է առաջնորդվի իրավունքներով և օրենքներով` մնալով խստապահանջ: Արդյոք այդ խստապահանջությունն ու իրավունքների գերակայությունը գործում է նաև ընտանիքում:

Ընտանիքում ես ավելի լիբերալ եմ և ավելի մեղ: Անկեղծ ասած` ես երբևէ չէի պատկերացնում, որ այդքան մեղմ կարող եմ լինել իմ երեխաների նկատմամբ, ինձ համար կարևոր է` երեխաներին թողնել ինքնուրույն մեծանալ, թողնել, որ նրանք սեփական սխալների վրա կայանան ու բնավորություն ձեռք բերեն: Դեռ փոքր են, չեմ կարող ասել` ինչքանով է ճիշտ իմ մոտեցումը:

Երկու երեխա ունեք, այդպես չէ՞:

Այո, մեծս դպրոցական է, առաջին դասարան է հաճախում, փոքրս երեք տարեկան է, մանկապարտեզ է հաճախում: Առայժ դժվարանում եմ ասել` իմ դաստիարակության պտուղներն ինչպիսին են, կարծում եմ` որպես անձ ձևավորվելու համար սխալ ճանապարհ չեմ ընտրել:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները՝ Զաքար Իսկանդարյանի

Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև`

«Իմ ընտանիքը բազմաթիվ զրկանքներ է տեսել». Զարուհի Փոստանջյան

«Այսօր հնարավորություն ունեմ ինքս նախաձեռնելու օրենքների փոփոխություններ»․ Ռուզաննա Մուրադյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել