Ծաղկավոր խալաթ` ՌԴ դեսպանին. բողոքի ակցիա

Այսօր «Հայազն» կուսակցությունը ծաղկավոր խալաթ նվիրեց Հայաստանում ՌԴ դեսպանին: Խալաթը հանձնվեց Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:

Ակցիայի մասնակցիները ցանկանում էին խալաթը ոստիկանների միջոցով հանձնել դեսպանին, բայց վերջիններս թույլ չտվեցին`պատճառաբանելով, որ, եթե ցանկանում են խալաթը փոխանցել, ապա պետք է տեղադրեն հայտարարությունների համար նախատեսված վայրում: Մասնակիցները դիմադրություն ցույց չտվեցին, և խալաթը կախեցին նշված վայրում:

«Հայազն» կուսակցության անդամ Արսեն Պետրոսյանը լրագրողներիր հետ զրույցի ժամանակ նշեց, որ խալաթը նվիրել են որպես խորհրդանիշ. «Սա իրենց մոտ որպես պաշտոնական հագուստ է ներկայացվում: Քանի որ չէինք կարող ռուսական ամբողջ ղեկավարության համար խալաթ գնել, այդ իսկ պատճառով խալաթը հստակ չափ չունի` ունիվերսալ է»:

Ըստ ակցիայի մասնակիցների` հայաստանյան իշխանությունները համապատասխան արձագանք չեն տվել. «Մենք իշխանություններից սպասում ենք հստակ նոտա, որ սենց ձեռքառնոցի չլինի»:

«Հայազն» կուսակցությունը հանդես եկավ նաև հայտարարությամբ: Ըստ հայտարարության` ՌԴ-ի կողմից հայ վարորդի արժանապատվությունը ոտնահարելը ստորացում է, շովինիզմ, դաժանություն, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, եւ հայ-ռուսական «բարեկամական հարաբերություններին» ուղղված սպառնալիք: Կուսակցության անդամները պահանջում են դադարեցնել նման գործողությունները եւ Հայաստանի քաղաքացու համար քաղաքակիրթ քննություն եւ արդար դատավարություն ապահովել:

Կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այն, ինչ արվում է Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ոչ թե պետության, այլ բանդայի արարք է. «Հանրության մեջ կարող է նաև ատելություն լինել, բայց պետք չէ դա խրախուսել, քանի որ մեղադրյալը հանձնվել է պետության ձեռքը, այլ ոչ թե ժողովորդի: Նրան չպետք է ստորացնել, այլ պետք է գործը արդար քննության ենթարկել և կայացնել արդար դատավճիռ» :

Բողոքի ակցիային ներկա էր նաև ՀԵԻԱ «Մարդու իրավունքների հանձնաժողովի» նախագահ Մարատ Ատովմյանը: Վերջինս Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ տղամարդուն կանացի հագուստով դատարան ներկայացնելը մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարում է և մարդու իրավունքների կոպիտ խախտում, որն արգելվում է հենց ՌԴ Սահմանադությամբ,օրենսդրությամբ և իրենց կողմից վավերացված միջազգային պայմանագրերով. «Պետությունը պարտավոր է հետևողական և վճռական լինել, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության բոլոր փուլերում Ռուսաստանի իրավապահ ու դատական մարմինները պահպանեն մարդկային արժանապատվությունը»:

Նրա խոսքերով` Հրաչյա Հարությունյանի մեղքը դեռևս ապացուցված չէ և գուցե այնպես լինի, որ անմեղ ճանաչվի. «Լրատվամիջոցները պետք է չմոռանան անմեղության կանխավարկածի մասին, ինչը որոշ ռուսական լրատվամիջոցների կողմից խախտվել է»:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել