Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Արա Մինասյանից՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով. Արա Մինասյանի ներկայացուցչի պահանջը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նշված գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:

Հայցվոր Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը դատարանում ներկայացրեց հայցի հիմքը և առարկան:

ԲԿ-ի նախկին տնօրենը Արսեն Թորոսյանից պահանջում է ներողություն խնդրել հետևյալ վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա կատարել է ԶԼՆ-ներին տված հարցազրույցներում.

-«…Մենք ստուգում ենք 2016-2017 թթ. և 2018-ի մի մասը, պատկերացրեք՝ եթե ավելի հետ գնանք, ապա այդ գումարները արդեն հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի…»,

-«…Կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական…»,

-«Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»,

-«…Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել  Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա, վիշապը պետք է գլխատվի…»:

Հայցվոր կողմը պահանջում է նաև Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել հայցվորի ներկայացված հետևյալ փաստացի տվյալները: Նշված արտահայտությունները Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջի  ուղիղ եթերի ժամանակ: Ըստ Վահագն Գրիգորյանի, 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանը  ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է մտել և հայցվորի վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ է կատարել, այն վերնագրել է այսպես. «Տուշոնկեքի մասին»:

-«…Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումները այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն, մենք մինչև հիմա ստանում են հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու վերաբերյալ…»,

-«…Մինչև հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը:  Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի  այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում և 200 հազար դրամի բուժում են ստացել…»,

-«…8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունակ…»,

-«…հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից,  տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները  մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց…»,

-«…Տարիներ շարունակ բժիշկները աշխատավարձ չեն ստացել նորմալ…»,

-«…Նորից կրկնում եմ, 8000 դրամ հետազոտության փոխարեն 400 միլիոն գանձվել է, ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ…»,

-«…99 տոկոսով համոզված եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, բացի այդ…»:

Ի լրումն այս ամենի, հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝  Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից՝ «Օրինական ատկատ, 10 տոկոս փայ այն ընկերությունից, որտեղից գնում ես անում» արտահայտության համար:

«Մենք պահանջի մեջ առաջարկել ենք, որպեսզի հայցապահանջի առաջին և երկրորդ մասերում նշված արտահայտությունների համար հերքում տարածել և ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթեր դուրս գալու և այդ տեսանյութը նրա պաշտոնական էջում պահպանելու  միջոցով: Իսկ այն գրառումները, որոնք կատարվել են գրավոր, ոչ թե բանավոր, դրանց համար նույնպես ներողություն խնդրել վերոնշյալ ձևով՝ ֆեյսբուքյան էջում գրառում կատարելու միջոցով: Իսկ եթե նրա ֆեյսբուքյան էջով ներողություն խնդրելը կամ հերքում տարածելը ինչ-որ պատճառով անհնար լինի, այդ դեպքում խնդրել ենք ներողությունը խնդրել և հերքումը տարածել առնվազն 1000 տպաքանակ  և ՀՀ-ում սպառում ունեցող որևէ թերթի միջոցով»,- նշեց Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը ներկայացված հիմքերի վերաբերյալ մի քանի հարց ուներ հայցվող կողմին. «Դուք նշեցիք արտահայտությունները, բայց այդ արտահայտությունների մեջ հայցվորի անունը կամ ազգանունը նշվա՞ծ էր, և եթե չէ, ապա Դուք որտեղից եք ենթադրել, որ այդ արտահայտություններն ուղղված են հենց հայցվորին: Ես ուսումնասիրել եմ հայցադիմումը և ինձ մոտ տպավորություն է, որ Դուք ենթադրել եք, որ իմ վստահորդը նկատի է ունեցել հենց հայցվորին: Ես ճի՞շտ եմ հասկացել, Դուք ենթադրե՞լ եք, որ իմ վստահորդը նկատի է ունեցել հենց հայցվորին»:

Վահագն Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք վստահ են, որ Արսեն Թորոսյանը նկատի է ունեցել հենց Արա Մինասյանին. «Այո, անուն կամ ազգանուն չի նշվում, դրանք նշելու կարիք էլ չկա: Հայցվորը 2 անգամ շեշտվել է անուղղակի, 1 անգամ որպես բժշկական հաստատության տնօրեն,   դրանից հետո ասվել է, որ հիմա ինքը կներկայացնի փաստեր, որ չասեն, թե աշխատանքից անհիմն են հեռացրել: Ես չեմ կարծում, ողջամտորեն  այդքանից հետո լիներր քննադատություն, որը, օրինակ, ուղղված էր փոխտնօրենին կամ հաշվապահին»,- նշեց Վահագն Գրիգորյանը և մեջբերեց ՄԻԵԴ-ի կողմից նմանատիպ գործով արտահայտած դիրքորոշումը, որի համաձայն, սովորական ընթերցողը պետք է զգա, թե ում վերաբերյալ է տվյալ արտահայտությունը. «Այս դեպքում ակնհայտ է, որ սովորական ընթերցողը զգում է, որ այդ արտահայտությունները ուղղված են հիվանդանոցի նախկին տնօրենի դեմ»:

Գևորգ Գյոզալյանը նշեց, որ ինքն էլ է սովորական ընթերցող, սակայն նրա մոտ այդ տպավորությունը չի եղել. «Ձեր այս ասածը հիմնված է ենթադրությունների վրա: Կոնկրետ Արա Մինասյան անուն չի շեշտվել»:

Արա Մինասյանի ներկայացուցիչը նշեց, որ ենթադրությունը և անուն-ազգանունի բացակայությունը տարբեր բաներ են. «Այս դեպքում թեև անուն-ազգանունը շեշտված չէ, սակայն կա փաստերի բավարար համակցություն, որից ոչ ենթադրաբար կարելի է եզրահանգում անել, որ ուղղված էին իմ վստահորդի դեմ»,- նշեց Վահագն Գրիգորյանը և հարցրեց նախարարի ներկայացուցչին, թե կարող ենք արձանագրել, որ Արսեն Թորոսյանը պնդում է՝ Արա Մինասյանին նկատի չի ունեցել:

Գյոզալյանը նշեց, որ նշված հարցին կպատասխանի առարկությունների ներկայացման ժամանակ և փորձեց Արա Մինասյանի ներկայացուցչից ճտել, որ եթե դատավարության ընթացքում պարզվի, որ Արսեն Թորոսյանը նկատի չի ունեցել Արա Մինասյանին, նրանք իրենց հայցադիմումը հետ կվերցնե՞ն, թե՝ ոչ:

«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Երբ Դուք այդպիսի հայտարարություն կանեք, ես իմ վստահորդի հետ դա կքննարկեմ»,- նշեց Գրիգորյանը:

Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդը «լինելով լուրջ անձնավորություն», իրեն թույլ չի տվել անձնապես որևէ մեկին վիրավորել, իսկ զրպարտության մասին այստեղ խոսք լինել չի կարող:

«Եթե այստեղ ինչ-որ մեկն էլ իրավունք ուներ զրպարտության հայց ներկայացնելու, դա բացառապես 3-րդ անձը կարող է լինել:  Նշված արտահայտություններում որևէ կերպ չի արծածվում հայցվորի անունը: Իսկ մենք գիտենք, որ իրվաբանական անձը, կազմակերպությունը, ունի կոլեկտիվ՝ 1680 աշխատող, և Արսեն Թորոսյանն ահա այս հիմքն է ունեցել, որ չէր կարող անվանական որևէ մեկին մեղադրել որևէ բանում՝ քաջ գիտակցելով, որ այնտեղ կա ֆինանսական տնօրեն, գլխավոր հաշվապահ և այլն: Այն ենթադրությունները, որոնք արել է հայցվորը, դրանցով հենց ինքն է իրեն թիրախավորել, միայն նա է այդպես ընկալել»,- նշեց Գյոզալյանը:

Իր առարկություններում Գևորգ Գյոզալյանը նշեց, որ

  • Արսեն Թորոսյանը անվանական ոչ ոքի չի վիրավորել,
  • Արսեն Թորոսյանը արել է գնահատողական արտահայտություններ կոռուպցիոն դեպքի վերաբերյալ,
  • Այդ գնահատողական արտահայտությունները վերաբերվել են 3-րդ անձի:

Դատարանը կողմերին հարցրեց, թե արդյոք հնարավոր է խնդիրը լուծել հաշտեցման եղանակով կամ արտադատարանական եղանակով: Արսեն Թորոսյանի պաշտպանը չառարկեց, սակայն Արա Մինասյանի պաշտպան Վահագն Գրիգորյանը նշեց, որ ինքը հակված չէ այդ միջոցով վեճի լուծմանը, բայց գտնում է, որ հարցը պետք է քննարկի իր վստահորդի հետ:

Վահագն Գրիգորյանը խնդրեց նիստը հետաձգել, սակայն ոչ թե հաշտեցման կամ արտադատարանական եղանակով հարցի քննարկման, այլ պատասխանողի առարկությունները ուսումնասիրելու համար՝ ապացուցման բեռի բաշխման համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2019 թվականի փետրվարի 11-ին:

Եվգենյա Համբարձումյան

 

Փաստաբան Գևորգ Գյոզալյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել