Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ, որի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է։
2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից.
-աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ,
-զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ,
-զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։
Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման (https://armstat.am/am/?nid=82&id=1988)` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:
Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։
Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։
Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում, 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։
Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
Նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։
Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված՝ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։