Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 5-ին գումար հատկացնելու մասին կարգադրություն է ստորագրել։
Քաղաքապետի կարգադրությամբ նախատեսվում է 8.750.000 դրամ հատկացնել 2024 թվականի Օլիմպիական խաղերում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թվով 4 մարզիկներին։
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
«1․Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժին 1 խմբի 1 դասի «1.Սպորտային միջոցառումների կազմակերպում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես պարգևատրում` 2024 թվականի Օլիմպիական խաղերում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թվով 4 մարզիկներին հատկացնել 8.750.000 /ութ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ դրամ գումար՝ համաձայն կից հավելվածի:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա:
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի վրա»:
Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը անցկացվել են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Ծանրորդ Վարազդատ Լալայանը նվաճեց օլիմպիական արծաթը, Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ևս նվաճեց օլիմպիական արծաթը, Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ օլիմպիական բրոնզե մեդալակիր, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական արծաթը։