Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ մյուս երկու դրվագներին՝ լիազորությունների չարաշահմանն ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն։
Նա նշեց՝ քանի որ մեղադրանքի հիմքում դրված փաստերն այս դրվագների մասով նույնական են, մեղադրանքի կողմը չի բերել առանձին վերաբերելի տվյալներ լիազորությունների չարաշահման ու ապօրինի ձեռնարկատիրության մասին, իր խոսքը հավասարապես ուղղված է լինելու երկուսին էլ։
Ըստ մեղադրանքի կողմի՝ մեկ գործողություն հանգեցրել է և՛ լիազորությունների չարաշահման, և ՛ ապօրինի ձեռնարկատիրության կատարման։
Առաջին դրվագով մեղադրանքը հետևյալ կերպ է ներկայացվել․
Վահագն Վերմիշյանը Նատալյա Չեռնիկովային ամսական 314 հազար դրամ աշխատավարձով ընդունվել է աշխատանքի ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ որպես վարչության պետի խորհրդական, և այդ պայմաններում պետական միջոցներից անհիմն ստացել է ընդհանուր 1.478.483 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ փաստացի չկատարելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառութային պարտականություններից բխող աշխատանքները։
Պաշտպանի առաջին հակափաստարկը վերաբերում էր վկա Ալվարդ Գրիգորյանի ցուցմունքին։ Վերջինս հայտնել է, որ Վերմիշյանն իր հետ խոսելիս ասել է մարդ է ուղարկում, եթե համապատասխանում է, թող աշխատանքի ընդունի։
«Աշխատանքի ընդունման հիմքում ոչ թե եղել է ցուցում, այլ՝ ստուգել, եթե համապատասխանում է պահանջներին, նոր միայն ընդունել աշխատանքի»։
Նատալյա Չեռնիկովայի՝ ազատ գրաֆիկով աշխատելու վերաբերյալ պաշտպանը հետևյալն է նշում․ «Իսկ ե՞րբ է ավարտել Չեռնիկովան աշխատանքները․ ՕՀՄ արդյունքներով փաստարկված է, որ գիշերը ժամը 11-12-ին»։
Դատավարության ողջ ընթացքում պաշտպանության կողմը պնդել է՝ Չեռնիկովայի աշխատանքային համակարգիչը պատշաճ չի զննվել, իրենք դրանք չեն ունեցել։
«Առաջին ատյանը դատավճիռը կայացրել է այնպես, կարծես Քաղաքաշինության կոմիտեի տեղակալ Նունե Պետրոսյանը ցուցմունք չի տվել առ այն, որ Չեռնիկովան նախածել է «Աշխարհի քաղաքը», «Ֆիրդուսը», «Կոնդը», «Արդյունաբերական կլաստերը», և այս բոլոր նախագծերը, քանի որ իր համակարգման ոլորտում են եղել, ինքը տեղեկացված է եղել էս մեգանախագծերի մասին, և տեղեկացված է եղել, որ այդ նախագծերն անում է անձամբ Նատալյա Չեռնիկովան»,-նշում է Կոչուբաևը։
Մեղադրանքի հիմնավորման մեջ օգտագործվել են Չեռնիկովայի ցուցմունքները՝ նշելով, որ Վերմիշյանը խորհուրդներով օգնել, համակարգել է վերջինիս աշխատանքները։
Պաշտպանն այս դրվագով հռետորական մի քանի հարցեր է բարձրացնում․
- Ո՞ւր է Նատալյա Չեռնիկովան․ Վերմիշյանն ու Չեռնիկովան չեն առերեսվել,
- Ինչպե՞ս եղավ, որ քննիչն իր աշխատասենյակում նստած, առանց համապատասխան դիմումի, վերացրեց Չեռնիկովայի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը,
- Ինչպե՞ս եղավ, որ 4 տարվա ընթացքում քննիչը մի անգամ գոնե կարիք չունեցավ մեղադրյալի դատավարական կարավիճակ ունեցող Չեռնիկովայի հետ որևէ գործողություն կատարել,
- Ինչպե՞ս եղավ, որ միջնորդություն է ներկայացվում, սակայն հակընդդեմ հարցման իրավունքը դատարանում էլ չի իրացվում,
- Ո՞ւր է երկաթյա ապացույցը, որ զննվել է համակարգիչը, այնտեղ չկա որևէ նախագիծ։
Ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասով Կոչուբաևը նշեց, որ այն փաստական տվյալները, որոնք ներկայացվեցին լիազորությունների չարաշահման մասով, դրված են նաև այս դրվագի հիմքում։
Այստեղ նշվում է «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերությանը արտոնություն տալու, կառավարմանը մասնակցելու մասին։
Կոչուբաևի խոսքով՝ այս դրվագով բերված մեղադրանքը փաստարկված չէ, ամբողջ իրադարձությունները տեղի են ունեցել տեսախցիկի առջև։
Վերմիշյանը «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության, առավել ևս դրա ղեկավարման հետ կապ չի ունեցել, որևէ հովանավորչություն կամ առավելություն չի տրամադրել, որևէ կառուցապատողի խորհուրդ չի տվել դիմել Նատալյա Չեռնիկովային՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:
Ենթադրյալ լիազորությունների չարաշահման ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դրվագների հակիրճ ամփոփում․
Պաշտպանության կողմը հիմնավոր փաստարկներ ներկայացրեց այս դրվագով մեղադրանքի վերաբերյալ.
1․ Հակափաստարկներ․
- Վկա Ալվարդ Գրիգորյանի ցուցմունքը, ըստ որի՝ Վերմիշյանն ընդգծել է աշխատանքի ընդունման համար համապատասխան պաանջները
- Նատալյա Չեռնիկովայի հետ հակընդդեմ հարցման իրավունքը չի իրացվել,
- Նունե Պետրոսյանի ցուցմունքը․ Չեռնիկովան իրականացրել է մեգանախագծեր,
- Համակարգչի ուսումնասիրության հնարավորությունից պաշտպանության կողմը զրկված է եղել,
- «Մոսս Գռուպ» ընկերությանը որևէ հովանավորչություն կամ առավելություն չի տրամադրել։
2․ Դրվագների բնույթը.
- Դատարանն անհնար է համարել գործով առանցքային վկայի հարցաքննությունը,
- Հարցաքննությամբ հնարավորություն կտրվեր հիմնավորելու այն, որ Վերմիշյանն ապօրինի ձեռնարկատիրությամբ չի զբաղվել, լիազորությունների չարաշահման և չաշխատելու դեպքեր չեն եղել,
- Վահագն Վերմիշյանի այն գործողությունները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, բնույթով ստեղծագործական են, որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես ապօրինի ձեռնարկատիրություն։
3․ Իրավական անհիմն մեղադրանք․
- Վերմիշյան և Չեռնիկովայի միջև առերեսում չի կատարվել և երկու դեպքերում էլ պաշտպանի միջնորդությունները վերջինիս դատակոչելու համար, մերժվել են,
- ՕՀՄ-ներով ձեռք բերված տվյալները, համակարգչի զննության արձանագրությունները պաշտպանության կողմին չեն ներկայացվել, իսկ դրանք ստանալու միջնորդությունը ևս մերժվել է,
- Ամբողջ խոսակցությունները տեղի են ունեցել տեսախցիկների առջև, Վերմիշյանի խոսքը վերաբերել է միայն նախագծում առկա թերությունների շտկմանը։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։