«Չեմ էլ իմացել, որ այդպիսի ապացույց կա». Վերմիշյանի պաշտպանը պնդում է՝ Չեռնիկովայի համակարգչի զննության արձանագրությունը իրենց չի տրամադրվել

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հանդես եկավ մյուս միջնորդությամբ՝ հիշատակելով դատախազ Դավիթ Աղաջանյանի կողմից նախորդ նիստի ժամանակ արված այն հայտարարությունները, որոնցով նա նշել է, որ Նատալյա Չեռնիկովայի համակարգիչը զննվել է, դրա արձանագրությունները տրամադրվել են պաշտպաններին։

Հակադարձելով դատախազի այդ պնդմանը՝ պաշտպանն ասաց, որ այդ ապացույցն իրենց չի տրամադրվել․ «Մեզ մոտ դա չկա, և նկատի ունենալով, որ անջատված մաս կա Քննչական կոմիտեում, միջնորդում եմ, որպեսզի Նատալյա Չեռնիկովայի համակարգչի զննության արձանագրությունը պահանջվի ՔԿ-ից, քանի որ մի կողմից պաշտպանական հատվածն այդ դրվագների մասով կայանում է նրանում, որ Չեռնիկովան աշխատել է մեգանախագծերի վրա, նախագծերն էլ գտնվում եմ համակարգչում, հիմա, եթե համակարգիչը զննվել է և այդ ապացույցներն այնտեղ չեն հայտնաբերվել, սա վարույթի համար էական ու կենսական նշանակություն ունի»։

Պաշտպանի խոսքով՝ կան ապացույցներ, որոնք կրկին մատնանշվել են դատախազ Աղաջանյանի կողմից, սակայն դրանք ևս պաշտպանության կողմին չեն տրամադրվել․ «Մեզ ներկայացվել է միայն ՕՀՄ արդյունքներն այն ծավալով, որը, ըստ մեղադրանքի կողմի, եղել է բավարար, և մենք էլ գործի քննության ընթացքում Առաջին ատյանի կողմից տրված ապացույցներով բավարարվել ենք, այնքանով, որքանով ներկայացվել է, բայց քանի որ վերաքննության ընթացքում բողոքի պատասխանի մեջ արվեցին պնդումներ, որոնք բխում են ՕՀՄ արդյունքներից և չեն ներկայացվել պաշտպանական կողմին, գտնում եմ, որ նաև անհրաժեշտ է ներկայացնել՝ առանց կրճատումների, խմբագրությունների, այսինքն՝ այն, ինչ արձանագրվել է ՕՀՄ-ների անցկացմամբ՝ ներքին դիտում, արտաքին դիտում և հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»։

Կոչուբաևը նշեց նաև, որ ՕՀՄ արդյունքները դատավարական իմաստով ապացույցներ են, այդ թվում՝ համակարգչի զննությունը։ Օրենքի 365-րդ հոդվածը մատնանշելով՝ ասաց, որ այս միջնորդության իմաստը հենց նոր ապացույց պահանջելն է։

Առաջին միջնորդության վերաբերյալ դատավորի այն հարցին, թե ինչ է հիմնավորվելու այդ ապացույցի ստացմամբ, Կոչուբաևը պատասխանեց, որ այդ ապացույցներում առկա են մեղադրանքը արդարացնող հիմքեր, և, բացի այդ, Նատալյա Չեռնիկովայի կողմից փաստացի Կոմիտեի լիազորություններից բխող որևէ պարտականություն չկատարելը։

Նա ընդգծեց, որ զննման մասին առաջին անգամ լսել է դատախազ Դավիթ Աղաջանյանից այս դատական նիստերում․ «Չեմ էլ իմացել, որ այդպիսի ապացույց կա»։

Մեղադրյալ Վահագն Վերմիշյանը միացավ պաշտպանի կողմից ներկայացված երկու միջնորդություններին։ Հանրային մեղադրողը դրանց վերաբերյալ հայտնեց հետևյալը․ «Այն, որ պարոն Աղաջանյանը այս դատական նիստին ներկա չէ, դա չի նշանակում, որ նրա հայտարարություններն ու դիտարկումները կարելի է ձևափոխել և ներկայացնել սուբյեկտիվ ու դրանց հիման վրա կառուցել միջնորդությունը։ Պարոն Կոչուբաևը նշում է, որ պարոն Աղաջանյանն ասել է՝ համակարգիչը զննվել է, զննության արձանագրությունը տրամադրվել է կողմերին, տենց բան չի հայտարարել պարոն Աղաջանյանը»։

Լսելով ներակայացված միջնորդությունները, դրանց վերաբերյալ դատախազի դիրքորոշումները, դատարանը որոշեց միջնորդությունները մերժել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք չեն բավարարում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված պահանջներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել