Նորություններ

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում դասընթաց տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների համար

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը պարզեցնում է կազմակերպությունների առջև դրված որոշ դրույթներ` թույլ չտալով, որ ՀԿ-ները ստեղծեն անգործունակ մարմիններ ու ցույց տան այն, ինչ չունեն: Այսօր «ՀԿ-ների մասին» նոր օրենքի վերաբերյալ հերթական դասընթացի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը. «Պետք չէ ավելորդ մարմիններ ստեղծել, կարելի է որդեգրել պարզ մոտեցումներ ու գնալ առաջ»,- շեշտեց բանախոսը:

Նոր օրենքն իր հետ բերել է նաև նոր ինստիուտներ, մասնավորապես ներդրվել է շահառուների ինստիտուտը. «Նոր օրենքն առաջարկում է կարգավորել կազմակերպության շահառուները, ես ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման կազմակերպության մեջ ներգրավվել շահառուների խմբերը»,- նշեց պարոն Զադոյանը` հիշեցնելով, որ այսօր պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարության փոխարեն Պետական եկամուտների կոմիտեն է, որն էլ առաջնորդվում է իր մոտեցումներով. «Շահութահարկի մասին օրենքով ՀԿ-ները հանդիսանում են սուբյեկտներ, այնտեղ դրույթ կա, որ եկամուտներ չեն համարվում ու ծախսեր չեն ճանաչվում անհատույց ակտիվերն, այդ թվում` անդամավճարները, բայց որևէ խոսքը չկա դրամաշնորհների վերաբերյալ, այսինքն` դրամաշնորհն ամբողջությամբ անհատույց ակտիվ չի ճանաչվում, դրամաշնորհային այն բաղադրիչը, որով ծառայություն է մատուցվում երրորդ անձանձ` մեր համոզմամբ, շահառուների, իսկ ՊԵԿ-ի` երրորդ անձանց, դրանք հարկվում են շահութահարկով»,- հայտնեց պարոն Զադոյանը, ուստի նրա խորհուրդն է` շահառուների խմբերը նկարագրել, ինչը թույլ կտա խուսափել տհաճ անակնկալներից:

Նշենք, որ այս միջոցառումը տեղի է ունեցել «Փյունիկ» բարեգործական հասարակարական կազմակերպության աջակցությամբ՝ ՀԿ-ի գրասենյակում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հիմնական մասը մեզ ժառանգություն են մնացել սովետական միությունից` մատչելիության հարցերն են, ոչ մատչելի միջավայր ենք մենք ժառանգություն ստացել, սոցիալական պաշտպանության մասին խնդիրներ կան»,- ասում է «Փյունիկ» ՀԿ նախագահ Հակոբ Աբրահամյանը: Այս խնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպությունը երկխոսություն է սկսել պետական մարմինների հետ, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի. «Մեր երկխոսությունը քաղաքապետարանի հետ իսկապես կառուցողական է, մեր կազմակերպության քաղաքականությունը իսկապես կատուցողական է, մենք կողմնակից ենք համագործակցել պետական կառույցների հետ ու նրանց օգնել, որ այս կամ այն խնդիրը լուծվի, ավելի ճիշտ է այդպես վարվել, քան թե քաշվել կողքի և հայտարարել, թե սա կամ նա չկա»,-  ասաց միության ղեկավարը:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ավելի են սրվում մարզերում: «Հույսի Մեծամոր» ՀԿ ներկայացուցիչ Մարգարիտ Սեդրակյանի խոսքերով` խնդիրները կապված են իմչպես կրթության, այնպես էլ տրանսպորտի և մյուս ոլորտների հետ. «Մեզ համար դժվար է որևէ լուծում գտնել, մենք դիմում ենք համայնքին, դիմում ենք մարզպետարան, սակայն իրականում հարկավոր է պետական մոտեցում, որպեսզի մարդու կարիքները գնահատված լինեն և նա անընդհատ չդիմի որևէ մարմնի` խնդրանքով»:

Տարեց տարի պետության կողմից վերաբերմունքը փոխվում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, սակայն տեղաշարժը դանդաղ է ընթանում: Կարծում է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը. «Չափից ավելի դանդաղ է փոխվում վերաբերմունքը, բառացիորեն կարելի է ասել, որ 99 տոկոսով փոխվել է դեպի դրականը, ոչ ոք չի ժխտի, որ կան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, որոնք հավասար են այլ անձանց իրավունքներին, ինչպես նաև կան խնդիրներ, որոնք չլուծված են, սակայն շատ դեպքերում դա ձևական բնույթ է կրում, շատ դեպքերում զգում ես, որ պաշտոնյան հակված չէ լուծում տալ, կամ էլ այդ հարցերը կարևորում է տարին մեկ կամ երկու անգամ` դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը կամ էլ մեկ այլ առիթով»,- նշեց պարոն Ալավերդյանը:

Խոսելով այսօրվա դասընթացից` Արմեն Ալավերդյանը նշեց, որ նման հանդիպումները չափազանց կարևոր են ՀԿ-ների համար. «Գիտելիքները շատ նոր էին, իմ ակնկալիքները գերազանցեց այսօրվա դասընթացը, ես սպասում էի, որ օգտակար ինֆորմացիա կլինի, սակայն ավելին իմացա, քան մտածում էի»,- նշեց ՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գ.Թ.

Ա.Ս.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել