Եռամսյա ժամկետում Հայաստանում կքրեականացվի ապօրինի հարստացումը

ՀՀ կառավարության նոր ծրագիրը կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերվող մի շարք դրույթներ է նախատեսում, որոնք ներկայացնում ենք ստորև.

1) պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում․

2) եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում․

3) վեցամսյա ժամկետում.

ա․       հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքերի վերանայման միջոցով,

բ․        հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում,

գ․        գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,

դ․        շահերի բախման հայտարարգրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,

ե․        ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում,

զ․        կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող իրավակարգավորումների սահմանում․

4) մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն մի շարք կառուցակարգերի, այդ թվում ապօրինի հարստացման քրեկանացնելու առաջարկը Կառավարությանը ներկայացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել