Փորձելու ենք ստեղծել մի համակարգ, որը կպաշտպանի վարորդների իրավունքները. Արա Ղազարյան

«Վարչական պատիժը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե օրինաչափություն»,- այս մասին լրագրողներ հետ հանդիպմանը ասաց իրավապաշտպան և իրավական փորձագետ Արտակ Զեյնալյանը` «Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում Իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում և իրավական դաշտի բարելավում» ծրագրի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտակ Զեյնալյանը լրագրողներին մանրամասնեց, որ ծրագրի շրջանակներում փաստաբաններից կազմված խումբը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն վարորդներին, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց, տրանսպորտային միջոցի սեփականատերերին:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ` Արա Ղազարյանը հավելեց, որ հիմնականում 4 փաստաբան են կատարելու անվճար իրավաբանական խորհրդատվական աշխատանքը: Արա Ղազարյանը հայտնեց նաև, որ արդեն 4 տարի է, ինչ նրանք զբաղվում են այս խնդրով, սակայն չկար համապատասխան ռեսուրսներ ընդլայնվելու համար. «Փորձելու ենք ստեղծել մի համակարգ, որը կպաշտպանի վարորդների իրավունքները»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օրենքների դրույթների սահմանադրության վիճարկումը Սահմանադրական դատարանում, Օրենսդրական և ենթաօրենսդրական ոլորտներում փոփոխություններին ուղղված առաջարկների պատրաստում. «Ծրագրի նպատակն է ստեղծել ճանապարհային ոստիկանության և Երևան քաղաքի քաղաքապետարանի կողմից կայացրած տուգանքի որոշումներով բողոքարկման մեխանիզմ, և նպաստել վարչարարության և իրավական դաշտի բարելավմանը ճանապարհային երթևեկության ոլորտում»,- հայտնեց Արտակ Զեյնալյանը:

Նա նաև նշեց, որ փորձելու են վեր հանել վարորդների համար արդիական և մտահոգող հարցեր` ստեղծելով իրավապաշտպան մեխանիզմ:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել