Վարորդները կազատվեն հին ավտոմեքենայի գույքահարկի վճարումից

ՀՀ Կառավարության 2015 թվականի հունիսի 25–ի նիստում ընդունվել է թիվ 708–Ա որոշումը` «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերաքաշվառման) համակարգչային շտեմարանից հանելու մասին»։

Այդ որոշման համաձայն ասվում. Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարել 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ գալու (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու, իրավախախտում կատարվելու կամ դրա օգտագործումը որևէ այլ կերպ փաստվելու) դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատված, և գույքահարկի գծով պարտավորություններն ամբողջ ծավալով ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Այսինքն, այն տրանսպորտային միջոցները, որոնք համապատասխանում են նշված որոշման 1–ին կետում սահմանված պահանջներին ազատվելու են գույքահարկ վճարելուց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել