ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին,հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է.
«Դատախազության համակարգի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ, նախ թույլ տվեք շնորհավորել մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Դատախազությունն անցել է կայացման եւ զարգացման երկար ճանապարհ՝ մշտապես առանձնահատուկ տեղ զբաղեցնելով պետական մարմինների համակարգում: Մյուս կողմից, այնքան էլ վաղուց չէ, որ անկախ Հայաստանում պաշտոնապես նշվում է Դատախազության աշխատողի օրը եւ այդ տեսանկյունից սա դեպի հետագա հոբելյաններ տանող ճանապարհի հերթական փուլն է: Ի պատիվ ձեզ, պետք է ասեմ, որ դուք հաջողությամբ եք անցնում այդ ճանապարհը:
Յուրաքանչյուր իրավական պետություն կայունության եւ օրինականության հուսալի հիմքերի կարիք ունի: Որպես պետական իշխանության հիմնասյուներից մեկը՝ դատախազությունն անցել է մեր երկրի զարգացման բոլոր փուլերը: Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները որոշակի սրբագրումներ են մտցնում ցանկացած, այդ թվում եւ՝ դատախազության համակարգի աշխատանքներում:
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում որեւէ կառույցի աշխատանքը գնահատելու համար նրա գործունեության ժամանակահատվածի տեւողությունը ոչ միշտ է ընդունվում որպես գնահատման հիմնական չափանիշ: Ավելի կարեւոր է ժամանակի ռիթմը զգալը եւ ձեռքբերումներ արձանագրելը: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ դատախազական համակարգն իր կենսագրությամբ կարողանում է վստահորեն քայլել ժամանակին համընթաց: Այն, որ նրա հասցեին հնչում են նաեւ քննադատություններ, նշանակում է, որ համակարգն աշխատող, գործուն եւ կենդանի օրգանիզմ է, որի պարագայում, բնական է ե՛ւ դրվատանքի, ե՛ւ դժգոհության առկայությունը:
Սա նշանակում է լինել ուշադրության կենտրոնում, արժանանալ վերաբերմունքի, ինչն իր հերթին վկայում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հասարակական կյանքի նկատմամբ անտարբերության պատը` անկախ նրանց արձագանքից, իսկ դուք կարողանում եք ձեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կայացման գործում՝ ապահովելով անձի, հասարակության եւ պետության շահերի պատշաճ պաշտպանություն, հատկապես որ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրացման երաշխիքներից մեկը համարվում են դատախազական մարմինները: Իսկ քաղաքացիների վստահության աճը համակարգի հանդեպ ձեր աշխատանքի գնահատականի գլխավոր չափանիշն է: Դա, իհարկե, ենթադրում է մեծ պատասխանատվություն դատախազության աշխատակիցների համար, մանավանդ որ մշտապես պետք է հիշել, որ յուրաքանչյուր գործողության հետեւում մարդն է, մարդկային ճակատագիրը:
Հարգելի բարեկամներ, իրավական հարթությունից բացի շատ կարեւոր է դատախազության ու հասարակության փոխադարձ կապը եւ միմյանց հասկանալի ու լսելի լինելը, ինչը նշանակում է նոր մակարդակի բարձրացնել դատախազություն-քաղաքացի փոխհարաբերությունները: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դատախազական համակարգում միտված են ավելի հստակ ու վստահելի դարձնել այդ հարաբերությունները:
Համոզված եմ, որ ձեր փորձն ու գիտելիքները կշարունակեն նպաստել երկրում օրինականության ու կարգուկանոնի ամրապնդմանը եւ ձեր համակարգված ու արհեստավարժ գործունեության շնորհիվ դատախազության առջեւ դրված խնդիրները, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների եւ պետության շահերի պաշտպանությունը, այսուհետ եւս հաջողությամբ կլուծվեն:
Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ հաստատակամություն»:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանին, Շիրակի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանին եւ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին:
Լուսանկարը` parliament.am-ի: