Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID): Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, ինչպես նաև մի շարք հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման գործում: «Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,- ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարևորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ և նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:

Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը:

USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ընդգծել՝ արդյունավետ համագործակցության գրավականը միայն կառուցողական երկխոսության և փոխադարձ վստահության մեջ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել