Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
Հավաքը ոչ խաղաղ լինելու և բնականոն ընթացքից շեղվելու դեպքում կարող է դադարեցվել: Հավաքն իրավասու է դադարեցնել ոստիկանությունը:
Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի`
1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:
2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին:
3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հավաքի դադարեցման կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում: