Ռուսաստանը կապահովի Պերմյակովի ներկայությունը դատաքննությանը, իսկ որտե՞ղ կկրի նա կալանքը. փաստաբան

Այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ռուսական կողմը կհանձնի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ. Այս մասին երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե արդյոք հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Վալերի Պերմյակովին կհանձնեն հայկական կողմին, գործով տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ խնդիրը բավական նուրբ է.

«Առաջնային պետք է նշել, որ առանց Պերմյակովի ներկայության դատաքննություն լինել չի կարող: Եթե հաշվի առնենք,որ գործը քննվում է Ռուսաստանում` դասալքության հոդվածով, և Պերմյակովը այնտեղ կալանավոր է,այս դեպքում Պերմյակովի հայկական կողմին հանձնումը կամ փոխանցումը հարբերական է»:

Փաստաբանը նշեց, որ, իր նախնական դիրքորոշման համաձայն, Ռուսաստանը կապահովի Պերմյակովի ներկայությունը դատաքննությանը, բայց կշարունակի կալանքը կրել ռուսական կողմում:

Այն հարցին,թե արդյոք սա էր հայկական կողմի սպասելիքները այս գործում, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ, չնայած որոշումը ուշացած էր, բայց այս փուլից սա էր ակնկալվում. «Այն փաստական տվյալները,որ գտնվում են ռուսական կողմի տրամադրության տակ, վարույթը փոխանցելուց հետո ամբողջ ծավալով կգտնվեն նաև հայկական կողմի քրեական գործում»:

Փաստաբանը հույս հայտնեց,որ այդ բոլոր տվյալների համադրության մեջ ավելի մեծ հնարավորություն կունենանք ստանալու մեզ հուզող հարցերի պատասխանները:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել