Մեքենան այրելու մեջ մեղադրվող 80-ամյա պապիկը վնասը փորձում է կամավոր հատուցել

Կոշիկների վերանորոգմամբ զբաղվող 80-ամյա Հարություն Ավշարյանը, ով մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքը` 9.1 միլիոն արժողությամբ ավտոմեքենան անզգուշությամբ վնասելու համար, այժմ փորձում է կամավոր փոխահատուցել վնասը. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց տուժողի փաստաբան Լյուդվիգ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  որպես պատիժ պարտավորեցրել է նրան 300 հազար դրամի տուգանք վճարել և 153 հազար դրամ` որպես դատական ծախս:

Մեղադրական այս դատավճիռը մտել է ուժի մեջ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 80-ամյա այս մարդը օրվա ապրուստը վաստակելիս է եղել կոշիկներ վերանորոգելով` Երևանի Ամիրյան 13 շենքի բակում տեղադրված իր տաղավարում:  Համաձայն գործի նյութերի` գործով չպարզված հանգամանքներում դեպի տաղավար ապօրինի մոնտաժված էլեկտրական հոսանքալարերի շահագործման հետ կապված նրա անզգույշ վերաբերվելու հետևանքով տաղավարում գտնվող ապահովիչներին միակցված հաղորդալարերի հպումներից առաջացել է կարճ միակցման հոսանք:

Եվ դրա հետևանքով էլ 2013 թվականի մարտի 15-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում տաղավարի ներսում հրդեհ է բռնկվել՝ այրելով տաղավարն ու դրա մոտ կայանված, գործով տուժող անցնող Լիոն Բարբարյանի «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը՝ մեքենայի տիրոջը անզգուշությամբ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 9.100.000 դրամի գույքային վնաս:

Լիոն Բարբրյանը որպես հասցված վնասի փոխհատուցում ստանալու հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն, ինչպես հայտնեց Լ. Դավթյանը, նիստը հետաձգվել է, պատասխանողը հայտնել է, որ կամավոր կփոխահատուցի վնասը և ցանկանում է հաշտության գալ հայցվորի հետ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել