32-ամյա Արմենը մեղադրվում է անձին առևանգելու և բռնաբարելու համար: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության, Արմենը տեղեկանալով իր նշանած Լուսինեի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով նրան հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան:
Իսկ հետո քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերների հետ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնությամբ աղջկան առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Արմենի բնակարան, որտեղ էլ նույն օրը նա բռնաբարել է աղջկան:
Գործով ամբաստանվում են նաև Արմենի երկու գործընկերները: Նրանց մեղադրանք է առաջադրված խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով աղջկան առևանգելու համար:
Հ.Գ. Ամբաստանյալի և տուժողի անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: