Սյունիքի մարզում 106 գյուղական համայնք կա, որոնցից 4-ի ղեկավարներն են կին: Օրինակ՝ Կապանի տարածաշրջանում 39 համայնքապետերից միայն մեկն է կին:
Շերվենանց գյուղի համայնքապետ Արմինե Մանուկյանի խոսքերով՝ դժվար չէ լինել միակ կին ղեկավարը արդեն 10 տարի: Այս համայնքում կանանց խնդիրները բազմաթիվ չեն, ինչպես և բնակչությունը՝ ընդամենը 66 քաղաքացի: Համայնքը ժամանակին եղել է կրթական կենտրոն. 1901թ.-ից գյուղում դպրոց է գործել, շրջակա գյուղերի աշակերտներն կրթություն են ստացել Շերվենանցում: Այսօր արդեն դպրոցը փակվել է, վերջին աշակերտը Արմինե Մանուկյանի զավակն է եղել, ում նա քաղաք է տեղափոխել:
Այս իրականության հակապատկերն է Լեռնաձորի գյուղապետարանի օրինակը, այստեղ 13 աշխատակիցներից 2-ն են տղամարդ: Կին աշխատակիցներից Բելա Ղազարյանը նշում է, որ Լեռնաձորում կանանց մեծամասնությունն աշխատանք չունի: Ինչպես ողջ մարզում, այնպես էլ այստեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, տղամարդիկ, որպես կանոն, աշխատանք ունեն այդ կազմակերպություններում, կանայք՝ ոչ:
Կանանց հանրապետական խորհրդի վարչության անդամ Սուսաննա Մարտիրոսյանն մարզային խնդիրներն իմի բերելով՝ նշում է, որ այստեղ կանանց քաղաքական մասնակցությունը ցածր մակարդակի վրա է գտնվում: Միաժամանակ նա փոխանցեց, որ զարգացող հանքարդյունաբերության հետ մեկտեղ մարզում առաջընթաց է ապրում ինժեներական և ճարտարապետական միտքը. «Արդյունաբերությունը խթան է հանդիսացել, որ կանանց մասնակցությունն այս ոլորտում շատ ավելի բարձր լինի: Մեզ մոտ բարձրագույն կրթություն ունեցող կանանց մակարդակը ավելի շատ է, քան մյուս մարզերում»,- ասաց տիկին Մարտիրոսյանը:
Սյունիքի մարզեպատարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետ Աննա Ոսկանյանը փոխանցեց, որ կանայք մարզեպատարան են դիմում ամուսնալուծության հետևանքներից առաջացած իրավահարաբերությունների հարցով:
Ինչ վերաբերում է հասարակական ներգրավվածությանը, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ մարզում կանայք բավականին բարձր ակտիվություն են ցուցաբերում կրթական ոլորտում. «Դպրոցի տնօրեններից 57-ը տղամարդիկ են, 69-ը` կանայք, իսկ նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մեծ մասը կանայք են, տղամարդ չունենք»: Իսկ մարզպետարանում շուրջ 70 կին աշխատակից կա, ղեկավար պաշտոններում տղամարդիկ են գերակշռում:
Սյունիքի մարզի Տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ կանանց իրավունքների վերաբերյալ այսօր Կապան քաղաքում տեղի ունեցավ ուսուցում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարևոր համարեց նման ձևաչափով ուսուցումները, նա նշեց, որ արդյունավետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն դասախոսություններով, հետագայում համատեղ ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը:
Միջոցառումը վարում էր Սյունիքում ծրագրի իրավախորհրդատու Անի Ասատրյանը:
Սեմինարը մեկնարկեց ծրագրի իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանի դասախոսությամբ՝ կանանց մասնակցության վերաբերյալ, նա խոսեց մեր պետությունում առկա խնդիրներից և ներկայացրեց միջազգային լավագույն փորձը ներկայացրեց, իրավական ակտերը:
Բացի այդ Մարիամ Զադոյանն անդրադարձավ Հայաստանի ստանձնած միջազգային պարտականություններին և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիներին:
Սեփականության իրավունքները ներկայացրեց ծրագրի փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նրա հաջորդ դասախոսությունը Կանանց վերարտադրողական առողջության իրավունքների, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցի վերաբերյալ էր:
Մասնակիցները ուսուցման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանեցին մտահոգող խնդիրները, կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:
Վերջում ուսուցման մասնակցիներն ու բանախոսները շեշտեցին՝ ապահովելով կանանց իրավունքների պաշտպանությունը մարզում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կլուծվեն սոցիալական մի շարք խնդիրներ:
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:
Գևորգ Թոսունյան