Ես չեմ ասում, որ մենք խնդիր չունենք. Գևորգ Կոստանյան

2014 և 2015 թթ. ընթացքում մոտավորապես 25 քրեական գործ է հարուցվել Քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված հանցագործության հատկանիշների հետ կապված, ընդ որում այդ քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի օգնությամբ և օժանդակությամբ: Այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով. «Արդյունավետություն այդ առումով ունենք, չեմ կարծում, որ դա բավարար է, բավարար արդյունավետություն, իհարկե, մենք չենք կարողացել ապահովել: Քրեակատարողական հիմնարկներում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք պահանջում են այդ թվում ֆինանսական լուրջ միջոցների ներդրում»:
Այս տեսանկյունից պարոն Կոստանյանը խոսեց «Արմավիր» ՔՀԿ-ի վերակառուցման մասին. «Հիմա արդեն ծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկների այնպես կտեղաբաշխվի, որպեսզի մենք չունենանք անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր՝ պայմանավորված քառակուսի մետր մարդ ճիշտ հաշվարկի արդյունքում: Ես չեմ ասում, որ մենք խնդիր չունենք, շատ ունենք խնդիր»,- ասաց գլխավոր դատախազը:

Նա անդրադարձավ նաև Սյունիքում տեղի ունեցած հանցագործություններին, որոնցում շոշափվում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: Գլխավոր դատախազն ասաց. «Սուրիկ Խաչատրյան անձի հետ կապված՝ լուրերին, հրապարակումներին, փաստերին բազմիցս անդրադարձել եմ: Ինձ համար բացարձակ անձը նշանակություն չունի: Հասկացանք, որ ես գլխավոր դատախազն եմ, բայց ես էլ եմ մարդ, ցանկացած հանցագործություն, որ կատարվել է, ես հասկանում եմ, որ այդ հանցագործությունը կարող է վաղը իմ հարազատի նկատմամբ լինի, իմ անձի նկատմամբ, և ես չեմ կարող հանդուրժող լինել: Խնդիրն այստեղ այն է, որ բոլոր միանգամից համարում են, որ այս անձը մեղավոր է, ապացույցներ ձեռք բերվեց: Ապացույցներ ձեռք բերվեց դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Այնպես որ հանգիստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել