Միջազգային եվրոպական շարժումը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

25 Ապրիլ, Ռիգա: Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդ թվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը, իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և համագործակցությունը:

Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ ելույթ ունենալով ժողովի պատվիրակների առաջ նշեց. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ունի երկու նպատակ, առաջինը կանխարգելել հետագա ցեղասպանությունները, և երկրորդ. ստեղծել հայ-թուրքական բարի դրացիական հարաբերություններ: Հայ-թուրքական սահմանը ցավոք դեռևս փակ է, առկա են տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնց լուծման բանալին գտնվում է Հայոց Ցեղասպանության միջազգային, և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչման մեջ»:

Ուշագրավ է, որ Միջազգային Եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովի ողջ ընթացքում հարցը քննարկվում էր թե աշխատանքային խմբերի, թե անձնական զրույցների և թե լիագումար նիստի ընթացքում:

Հայոց Ցեղասպանությունը Ճանաչող բանաձևը ընդունվեց միաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել