Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեք վճիռ է ընդունել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին վճռիռը եղել է «Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որին Իրավաբան.net-ն արդեն իսկ անդրադարձել է:
Երկորդ վճիռը ՄԻԵԴ-ն ընդունել է «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Եվրադատարանին Բագրատ, Նարինե և Արևիկ Նալբանդյանների գանգատը ներկայացրել է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Համաձայն գործի նյութերի` 2004 թվականի հունիսին Նալբանդյաններին Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը ձերբակալել է `անչափահաս աղջկա սպանության կասկածանքով: Այս ընթացքում նրանց հանդեպ բռնություններ են կատարվել` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար:
Հայաստանյան դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա, նրա կնոջը` Նարինեն Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման, իսկ դստերը` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Եվրադատարանն իր վճռում նշել է, որ խախատվել են Նալբանդյանների արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ, և սահմանել, որ, որպես խախտված իրավունքների փոխահատուցում Բագրատ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արեւիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:
Երրորդ վճիռը ընդունվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործով: Հելսինկյան կոմիտեի բողոքը ներկայացրել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Կոմիտեն բողոքարկել էր դեռևս 2008 թվականին խաղաղ երթ անցկացնելու իրենց խնդրանքը Երևանի քաղաքապետարանի կողմից մերժումը: ՄԻԵԴ-ն իր վճռով ճանաչել է, որ խախտվել է Եվրակոնվենցիայի 11 և 13 հոդվածները` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:
Աստղիկ Կարապետյան