Տեղի է ունեցել հրեշավոր մի դեպք. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց նստաշրջանը սկսել մեկ րոպե լռությամբ հարգելով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության զոհերի և սահմանագծում հակառակորդի գնդակից սպանված զինվորների հիշատակը:

Գալուստ Սահակյանը նաև ընդգծեց, որ ԱԺ-ն իր իրավասության շրջանակներում ամեն ինչ կանի, որպեսզի Գյումրիում տեղի ունեցած սպանությունը բացահայտվի:

Այսօրվա նիստին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնության ավտոերթի ընթացքում ԼՂՀ ոստիկանության գործողություններին:

Հիշեցնենք` նախաձեռնությունը տեսանյութ է տարածել, որում երևում է` ինչպես են ոստիկանական համազգեստով անձնավորությունները մահակներում հարվածում մարդկանց և մեքենաներին: ԼՂՀ ոստիկանությունը պարզաբանել է, որ ավտոերթի մասնակիցները դիմել են հակաօրինական քայլերի, ինչի արդյունքում ոստիկանները ստիպված են եղել համապատասխան գործողությունների գնալ:

Նիկոլ Փաշինյանը դեպքը որակեց «հրեշավոր»: Նա ընդգծեց, որ Բերձորում տեղի ունեցածը լրջագույն հարված է Հայաստանի և Արցախի հարաբերություններին:

«Հանրությունը պատասխանի է սպասում, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հանրությունը շոկի մեջ է տեղի ունեցածից հետո»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկեց ԱԺ պատգավորներից պատվիրակություն կազմել` ԼՂՀ մեկնալու համար. «Պատվիրակությունն անհապաղ կգնա Ստեփանակերտ` պարզելու, թե ինչ միջոցներն է ձեռնարկվել Բերձորում բացասական հետևանքները չեզոքացնելու համար, ինչպես նաև Արցախի գործընկերների հետ կքննարկի տեղի ունեցածը»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահը պատասխանեց, որ այսօր կզբաղվի խնդրով, հարցը կքննարկի Արցախի իր գործընկերոջ հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել