Դոնոր կազմակերպությունները մշտապես զարմացել են Հայաստանում ՀԿ-ների վրա դրված սահմանափակումներից. Արա Ղազարյան

Սեպտեմբերի 25-ին արդարադատության նախարարը ՀՀ կառավարության նիստում քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը»: Այս հայեցակարգով ի թիվս այլ գործընթացների նախատեսվում է ՀԿ-ների գործունեությանը խոչընդոտող ուղղակիորեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը վերացնել:

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության անդամ, իրավաբան Արա Ղազարյանը պնդում է, որ այս դրույթի կյանքի կոչումը չափազանց արդյունավետ կազդի ՀԿ-ների գործունեության վրա:

«Ես իմ գործընկերների հետ ունեմ հասարակական կազմակերպություն, եթե ուզում ես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, գործում է չափազանց խրթին մեխանիզմ: ՀԿ-ի ներսում պետք է ստեղծել ՍՊԸ, նոր կարող ես հոսքեր ուղղել, այն էլ բավականին արգելքներ կան: Վտանգը միշտ էլ առկա է, որ դու կարող ես ինչ-որ բան խախտել և տույժերի ենթարկվել»,- փոխանցեց իրավաբանը:

Պարոն Ղազարյանը վստահ է, որ այս փոփոխությունները հնարավոր է կյանքի կոչել, հարկավոր է միայն կամք ցուցաբերել. «Սա իրագործելի է: Հասարակական կազմակերպությունը պետք է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվի, որպեսզի ստացված հասույթն ուղղի իր կանոնադրական նպատակների իրականացմանը, ոչ թե գրպանի: Սա կյանքի չեն կոչում, որովհետև չեն ցանկանում` հասարակական սեկտորը զարգանա, սակայն ներկայումս այն բավականին զարգացած է: Գուցե իշխանական թևը հասկանա, որ դա օգուտ է տալիս հենց պետական համակարգին»:

Իր ասածն ավելի առարկայական դարձնելու համար մեր զրուցակիցը որպես օրինակ բերեց Զինված ուժերի և ՀԿ-ների համագործակցությունը. «Բազմաթիվ ռեֆորմներ են իրականացվել Զինված ուժերում, այս ամենը մեծապես կախված է նաև քաղաքացիական վերահսկողությունից, սա քաջ գիտակցում են սպաները»,- նշեց պարոն Ղազարյանը` հաղորդելով, որ դոնոր կազմակերպությունները մշտապես զարմանք են արտահայտել` իմանալով, որ ՀԿ-ների գործունեության վրա նմանաբնույթ սահմանափակումներ են դրված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել