Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում կարևոր են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ունեցած գիտելիքները: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում են կազմակերպել Սյունիքի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:
«Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև հակակոռուպցիոն ուսուցումներ անցկացնել Երևանում և մարզերում. թվով 10-ը հակակոռուպցիոն սեմինար է նախատեսված եղել, որոնցից 5-ը տեղի է ունեցել Երևանում. սա թվով 10-րդն է»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը:
Առաջիկայում հանրությանը կներկայացվի Հայաստանի 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության վերջնական նախագիծը: Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգով նախատեսվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին, դրա կազմում ընդամենը 2 տեղ հատկացնելով ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Սեմինարին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով հասարակության շահերը ներկայացնելու համար 2 ՀԿ-ի ներկայացուցիչը քիչ է:
«Կարծում եմ, որ միանշանակ քիչ է և աշխատանքները կազմակերպելու համար հասարակական սեկտորի մասնակցությունը պետք է ավելի ընդգրկուն լինի»,- նշեց Իրավական հասարակություն ՀԿ-ի ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը:
«Կարծում եմ, որ քիչ է, քանի որ ներկայումս քաղաքացիական հասարակությունը զարգացման միտումներ ունի ու որոշակի քայլեր կատարել է արդեն, որպեսզի տվյալ խորհրդում ընդգրկված լինեն ոչ թե երկու այլ ավելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,»- ասաց Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը:
«Մտածում եմ, որ խորհրդի կազմում շատ քիչ է 2 հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը»,-ասաց Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնի ծրագրի համակարգողի օգնական Լենա Մուշկամբարյանը:
Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները, ոլորտում մոնիթորինգներ իրականացնելու ձևերը և այլն: Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:
Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ: