Ի՞նչ է անփաստաթուղթ ապրանքը

Նախկինում ներկայացրել ենք, թե ինչ է իրենից ներկայացնում անապրանք փաստաթուղթը: https://iravaban.net/58330.html

Սակայն գոյություն ունի նաև մեկ այլ հասկացություն՝

ՀՀ տարածքում առաքվող կամ տեղափոխվող ապրանքների (այսուհետ` ապրանքներ) փաստաթղթավորման համատեքստում անփաստաթուղթ ապրանք է համարվում առաքվող կամ տեղափոխվող այն ապրանքը, որը`

1) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի.
2) փաստացի առաքման կամ տեղափոխման ժամանակ օրենքով սահմանված կարգով հայտնաբերված՝ ուղեկցող (կամ էլեկտրոնային եղանակով դուրս գրված) փաստաթղթերի համեմատությամբ փաստացի առաքվող կամ տեղափոխվող ապրանքի քանակական ավելցուկը.
3) փաստացի առաքվում կամ տեղափոխվում է սահմանված պահանջներին չբավարարող ուղեկցող փաստաթղթով: Սույն ենթակետի կիրառման իմաստով ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն ըստ էության հիմնավորում են սահմանված պահանջների կատարված լինելը.
4) օրենքով սահմանված կարգով հայտնաբերված փաստացի առաքվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխելու դեպքում) ապրանք է, սակայն ուղեկցվում է նախատեսվածից տարբերվող ուղեկցող փաստաթղթով:

Ապրանքն ուղեկցող փաստաթղթերին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե ուղեկցող փաստաթղթում առկա են հետևյալ վավերապայմանները`
1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը.
2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն.
3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը.
4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.
5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների քանակը և գինը (արժեքը) հանրագումարով.
7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.
8) գրանցման գրքի, էջի և տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել