Եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Արարատի մարզում: Այն նախատեսված է մարզում գործող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար: Կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ`«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի» շրջանակներում:
«Մեր ծրագրի հիմնական նպատակն է ՔՀԿ-ների և ՀԿ-ների դերի բարձրացումը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականցման գործում»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի» ղեկավարի օգնական Նվարդ Լոռյանը:
Առաջին օրվա օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները, բացասական հետևանքները, կոռուպցիայի մասին կարծրատիպերը, նրա տիպաբանությունը և ոչ միայն:
«Պատշաճ քաղաքական կամք պետք է լինի, վստահություն` ազգաբնակչության կողմից, որ իսկապես կա ցանկություն Հայաստանում վերացնել կոռուպցիան»,-ասաց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ Մարատ Ատովմյանը:
Ուսուցման մասնակիցներից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կոռուպցիա երևույթի մասին: Խոսում են, քննարկում դրա դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմները:
«Սրա դեմ պետք է պայքարել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միահամուռ ջանքերով»,- նշեց «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ նախագահ Տիգրան Շիրինյանը:
Ուսուցման երկրորդ և երրորդ օրերին մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրերը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ:
Տեղեկատվություն ստանալու մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները ևս ուսուցման օրակարգում էին:
«Իմ կարծիքով ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե այդ կամքը կա վերևից սկսված, այդ դեպքում շատ բաների հնարավոր է հասնել»,- կարծում է Միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:
Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:
Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ: