Հակակոռուպցիոն դատարանում հոկտեմբերի 14-ին շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը և Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, պատասխանողների ներկայացուցիչներ Վարազդատ Ասատրյանը և Արմեն Հարությունյանը։
Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Միրոյանի նոր ներգրավված լինելու և գործի նյութերին ծանոթանալու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Նիստի ընթացքում քննարկվեց հայցվորի կողմից ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությունը։ Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք հայցի առարկայի մեջ կա այնպիսի փոփոխություն, որի հիմքով ներկայացվել է բռնագանձել այնպիսի գույք, որը ներառված չի եղել սկզբնական հայցադիմումում։
Դատախազ Մեյրոյանը հաստատեց, որ փոփոխություններ կան, նշելով, որ նոր ավելացվել է Արգիշտի փողոց 40/8 շենք 27 ավտոկայանատեղին, իսկ մյուս գույքերի մասով փոփոխվել են միայն տոկոսային հարաբերակցությունները:
Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ ըստ իրենց հաշվարկների՝ ավելացվել է 10 անուն նոր գույք, ինչը պայմանավորված է եղել ՍԴ որոշմամբ, որով կրճատվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի տարածման ժամանակահատվածը՝ սահմանափակելով այն 2016 թվականից հետո ձեռք բերված գույքով:
Դատավոր Լիլի Դրմեյանը հետաքրքրվեց, թե ինչն է հիմք հանդիսացել 2024թ. նոյեմբերի 11-ից հետո նույն ապացույցները վերանայելու և նոր միջնորդություն ներկայացնելու համար: Դավիթ Մեյրոյանը պատասխանեց, որ փոփոխությունը պայմանավորված է հայցվորի նոր ներկայացուցչի ներգրավմամբ:
Պատասխանող Սաքապետոյանն անձամբ հարցեր ուղղեց դատախազին «Յու Էմ Ագրո» ՍՊԸ-ում ձեռք բերված բաժնեմասի և ընկերությանը տրամադրված փոխառության վերաբերյալ: Այս հարցուպատասխանի արդյունքում պարզվեց, որ դատախազներն ընդունում են բաժնեմասի ձեռքբերման և փոխառության տրամադրման օրինականությունը, սակայն միևնույն ժամանակ պահանջում են բաժնեմասի բռնագանձում:
Այս հակասությանն անդրադարձավ պատասխանողի ներկայացուցիչը. «Անկեղծ ասած՝ ես չեմ կարողանում տեղավորվել այս տրամաբանության մեջ: Երբ դուք բաժնեմասի բռնագանձման պահանջ եք ներկայացնում, տրամաբանորեն առաջանում է հարց՝ արդյոք չի փոխվում այն իրավունքը կամ շահը, որի վրա հիմնվելով նախապես հայց է ներկայացվել: Սկզբնապես դուք հայցը ներկայացրել եք՝ որպես ապօրինի գույքի բռնագանձում: Հիմա դուք բռնագանձում եք օրինական գույք»:
Նիստի ընթացքում Սաքապետոյանը հուզականորեն քննադատեց դատախազության մոտեցումը. «Ճիշտ է, քաղաքացիական դատավարության օրենսգրքով ձեր իրավունքն է անընդհատ հայցադիմումի փոփոխություններ, լրացումներ ներկայացնել, բայց դուք ըստ էության չարաշահում եք այդ իրավունքները: Մեկուկես տարի մենք ինչո՞վ ենք զբաղվում: Դուք երեք տարի գնացել եք, ամեն ինչ ստուգել եք, աշխարհի բոլոր գործիքակազմն ունեիք, գնացել ստուգել, էլի շատ կներեք, փնթի ձևակերպումներով հայցապահանջ եք ներկայացրել ու ներկայացնում եք գույք, որի հետ ես ընդհանրապես առնչություն չունեմ»:
Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին, ժամը 16:30:
Նիստի մանրամասները տեսանյութում։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Արմեն Սաքապետոյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․
- Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փ 15-2 բնակարանը 0.42 տոկոսը
- Երևան, Դավթաշեն, Սասնա Ծռեր փողոց, 3 շենք, 11 բնակարանի, 1․75 տոկոսը,
- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենք 88 շինության, 8 և 53 ավտոկայանատեղիների 15․44 տոկոսը,
- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փողոց 58/20 շենք 29 բնակարանի 18․58 տոկոսը,
- Կոտայք, Ծաղկաձոր, ք․ Օլիմպավան փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 16․44 տոկոսը,
- HONDA ENP մակնիշի մեքենայի 4․72 տոկոսը,
- LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենայի 0․01 տոկոսը,
- Երևան, Կենտրոն, Թումանյան 21/2 հասցեում գտնվող անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքի 10․33 տոկոսը,
- Արմավիր, Վանանդ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 37,7 տոկոսը,
- Արմավիր, Արտամետ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 20,5 տոկոսը,
- «ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի 0․07 տոկոսը,
- Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենքի 29 բնակարանը։
Արմեն Սաքապետոյից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․
- 59 միլիոն 608 հազար 302 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 246 միլիոն 204 հազար 682 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել (․․․)։