Իրավասու մարմինը դուրս է եկել իր օրենսդրական լիազորություններից․ Անցկացվեց ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի գործով նիստը

Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ թիվ  ՀԿԴ/0151/02/23 գործով՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Սվետլանա Խառատյանի, Լևոն Նազարյանի և Մարինե Գևորգյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի Փոխանցմամբ այսօր կայացած նիստում քննվում էր  Ռոբերտ Նազարյանի ընտանիքի կազմի և գույքային փոխկապակցվածության հարցը:

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պատասխանում էր պաշտպանական կողմի հարցերին։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Միրոյանը նշեց, որ իրականացվել են մի շարք հարցումներ։  Ընտանիքի կազմը որոշվել է քաղաքացիական կարգավորման ակտերի գրանցման ռեգիստրի տվյալների հիման վրա: Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Նազարյանի ընտանիքի անդամները՝ Սվետլանա Խառատյանը, Լևոն Նազարյանը և Մարինե Գևորգյանը, համատեղ տնտեսություն են վարել, ինչը ենթադրում է գույքային փոխկապակցվածություն: Սակայն պաշտպանական կողմը նշում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ՝ համատեղ տնտեսություն վարելու փաստը հիմնավորելու համար:

«Ուսումնասիրությամբ պարզված մի շատ մի շարք հանգամանքներ ողջամտորեն նկարում են այն մասին, որ ընտանիքի անդամների անվամբ կատարված գործարքների իրական շահում հանդիսացել է Ռոբերտ Նազարյանը։ Ընտանիքի անդամների միջև մշտապես առկա են եղել բազմաթիվ գործարքներ, ինչը վկայում է վերջիններս համատեղ տնտեսություն վարել վարելու մասին, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Նազարյանը մշտապես զբաղեցրել է պետական բարձրաստիճան պաշտոններ, իսկ ընտանիքի մյուս անդամները կամ չեն (07:03) աշխատել կամ աշխատել են այնպիսի պաշտոններում, որոնք ապօրինի եկամուտներ գեներացնելու իրական հնարավորություն չեն ընձեռել, ուստի ընտանիքի անդամների կատարված այն գործարքները, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամուտներով, դիտվում են կատարված Ռոբերտ Նազարյանի հաշվին, այսինքն վերջինս դիտվել է այդպիսի գործարքների իրական շահառու»,- ասաց Միրոյանը։

Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Նազարյանի ընտանիքի անդամները՝ Սվետլանա Խառատյանը, Լևոն Նազարյանը և Մարինե Գևորգյանը, համատեղ տնտեսություն են վարել, ինչը ենթադրում է գույքային փոխկապակցվածություն: Սակայն պաշտպանական կողմը նշում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ՝ համատեղ տնտեսություն վարելու փաստը հիմնավորելու համար:

Իրավասու մարմինը  ուսումնասիրել է Ռոբերտ Նազարյանի գույքային իրավիճակը 2000-2003 թթ., երբ նա զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են գույքեր, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամուտներով: Այս հանգամանքը հիմք է հանդիսացել նրա ընտանիքի անդամների՝ Լևոն Նազարյանի և Մարինե Գևորգյանի ներգրավման համար:

Դատախազության ներկայացուցչի պնդմամբ Ռոբերտ Նազարյանը հնարավորություն ուներ ապօրինի եկամուտներ գեներացնելու իր պաշտոնավարման ընթացքում:

Հարցին, թե ինչ մեթոդներով են կատարվել ուսումնասիրությունները, Դավիթ Միրոյանը ի պատասխան նշեց, որ իրավասու մարմինը յուրաքանչյուր տարի հաշվառում է ապօրինի եկամուտի մնացորդը: Ապօրինի եկամուտի որոշումը կախված է նրա գեներացման եղանակից: Ուսումնասիրությունների սկզբնակետը 90-ական թվականներն են, որը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով: Մասնավորապես՝ պետական տեղեկատվական բազաներում ավելի վաղ ժամանակաշրջանի տեղեկություններ, որպես կանոն, պահպանված չեն: Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքացիները օրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորություն չեն ունեցել:

Ի պատասխան, պաշտպանական կողմը նշեց  որ իրավասու մարմինը դուրս է եկել իր օրենսդրական լիազորություններից՝ ուսումնասիրելով 1990 թվականից առաջ ընկած ժամանակաշրջանը: Նրանք պնդում են, որ Նազարյանի խնայողությունների վերաբերյալ եզրահանգումները կատարվել են ոչ լիարժեք և ոչ օբյեկտիվ: Նաև նշվում է, որ Նազարյանի հայտարարագրերում նշված տվյալները չեն գնահատվել պատշաճ կերպով: Պաշտպանական կողմը պնդում է, որ վարույթի նյութերում բացակայում են որոշ կարևոր փաստաթղթեր, որոնք կարող էին էական լինել գործի քննության համար։

Քննարկվեց հարցը, որ սովետական ժամանակաշրջանից կուտակված դրամական միջոցները չեն կարող հաշվի առնվել, քանի որ դրանք արժեզրկվել են: Չնայած որ Խորհրդային Միությունում բնակչությունը սոցիալապես ավելի ապահովված էր, սակայն անկախությունից հետո դրամական միջոցները էապես կորցրել են իրենց արժեքը:

Տրված հարցերին պատասխանելուց հետո գործի քննությունը հետաձգվեց ևս մեկ նախնական դատական նիստով։ Հաջորդ նախնական դատական  նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին, ժամը 15-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել