1-4-րդ դասարանների դասագրքերի քանակը կավելանա 3 տոկոսով. ԿԳՄՍ նախարարի նոր հրամանի նախագիծը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրված հրամանի նախագիծը, որով փոփոխություններ են կատարվում հանրակրթական ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու կարգում: Նախագիծը հանրային քննարկման է դրված 2025թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 11-ը:

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացնել սովորողների թվաքանակի նկատմամբ 3 %-ով ավելի քանակով:

Այս փոփոխությունը նախատեսվում է նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանի մեջ:

Ինչո՞ւ է անհրաժեշտ նման լրացում

Ներկայումս հանրակրթական 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացվում է սովորողների թվաքանակի հիման վրա: Սակայն այս մոտեցումը չի հաշվի առնում՝

  1. սովորողների թվի փոփոխականությունը,
  2. դասագրքերի հնարավոր կորուստները,
  3. հավելյալ կարիքները։

Արդյունքում ուսումնական տարվա ընթացքում երբեմն առաջանում է դասագրքերի պակաս, ինչը խոչընդոտում է ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը:

Առաջարկվող լուծումը

Հրամանի նախագիծը նախատեսում է 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացնել սովորողների թվաքանակի նկատմամբ 3 տոկոսով ավելի քանակով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով:

Դասագրքերի տպագրության լրացուցիչ 3 տոկոսի ապահովումը՝

  • կբարձրացնի դասագրքերի հասանելիությունը,
  • կկանխարգելի հնարավոր պակասը,
  • կապահովի ուսումնական գործընթացի անխափան շարունակությունը,
  • կպահպանի պետական բյուջեի արդյունավետ և կանխատեսելի օգտագործման սկզբունքը։

Ֆինանսական ազդեցություն

Փոփոխությունը տարեկան կնախատեսի շուրջ 19 մլն ՀՀ դրամի լրացուցիչ ծախսեր, սակայն այն պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջացնի:

Առաջարկվող լրացման ֆինանսավորումն ամբողջությամբ հնարավոր է իրականացնել պետական բյուջեի 1146. «Հանրակրթություն» ծրագրի 11016. «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառմամբ արդեն իսկ նախատեսված հատկացումների շրջանակում:

Ակնկալվող արդյունքներ

Հրամանի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  1. բոլոր սովորողների համար դասագրքերի մշտական և բավարար հասանելիության ապահովում,
  2. ուսումնական գործընթացի կայունության պահպանում,
  3. դասագրքերի պակասի ռիսկի նվազեցում։

Ե՞րբ կգործի հրամանը

Հրամանն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել