Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հանրային քննարկման դրված որոշման նախագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում 2008 թվականի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը» հաստատող որոշման մեջ:
Ի՞նչ խնդիրներ է լուծում նոր կարգավորումը
Ներկայումս գործող կարգով հստակ սահմանված չեն՝
- Ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակական ցուցանիշները։
- Ամրակցված և շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության տվյալների հոսքի արագությունների մասին նկարագրությունը։
- ծառայությունների ընդհատման կամ որակի անկման դեպքերում բաժանորդներին փոխհատուցում տրամադրելու ընթացակարգը։
Ինչպե՞ս կաշխատի փոխհատուցման համակարգը
Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ օպերատորները պարտավոր են փոխհատուցում տրամադրել հետևյալ դեպքերում.
- Երկարատև ընդհատումների դեպքում. եթե ծառայությունների ընդհատման տևողությունը հաշվարկային ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը։
- Ոչ որակյալ ծառայության դեպքում. եթե բաժանորդի դիմումի դեպքում օպերատորը ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված ծառայությունը չի համապատասխանել պայմանագրով նախատեսված պայմաններին
Փոխհատուցման չափը. Օպերատորը ծառայության մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայության ընդհատման կամ որակի անկման ժամանակահատվածի համար: Իսկ եթե վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն նշված ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի չափով:
Դիմելու կարգը. Բաժանորդը պետք է ներկայացնի դիմում մինչև վճարման համար սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը: Դիմումը պետք է պարունակի մատուցված ծառայության՝ պայմանագրին չհամապատասխանելու մասին հիմնավոր տեղեկություններ:
Ինտերնետ արագության նոր չափանիշներ
Նախագծով սահմանվում են հստակ պահանջներ ինտերնետի արագության վերաբերյալ.
Ամրակցված կապի դեպքում՝
- Նվազագույն արագություն– առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 20 տոկոսը, բայց ոչ պակաս քան 2 Մբիթ/վ։
- Սովորաբար հասանելի արագություն– յուրաքանչյուր օրվա 95 տոկոս ժամանակահատվածում առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 70 տոկոսը, բայց ոչ պակաս քան 2 Մբիթ/վ։
Շարժական կապի դեպքում՝
- Օպերատորները պետք է սահմանեն տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն և առավելագույն (գովազդվող) արագություններ՝ ըստ ցանցային տեխնոլոգիաների։
Թափանցիկության բարելավում
Նոր կարգով օպերատորները պարտավոր են մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝
- Միացման կամ ակտիվացման (վերաակտիվացման) ժամկետների վերաբերյալ (չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը)։
- Բողոքներին արձագանքման ժամկետների վերաբերյալ (չպետք է գերազանցի 15 աշխատանքային օրը)։
- Ծառայության ընդհատման դեպքում վերականգնման ժամկետների և փոխհատուցման կարգի վերաբերյալ։
Վիճակագրություն և հաշվետվողականություն
Որոշման նախագիծը պարտավորեցնում է օպերատորներին վարել ցանցերի խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ տվյալների ռեգիստր՝ յուրաքանչյուր խափանման դեպքը գրանցելով:
Օպերատորները պարտավոր են այդ տվյալները պահպանել 1 տարի ժամկետով՝ ՀԾԿՀ-ի պահանջի դեպքում ներկայացնելու նպատակով:
Երբ կգործի նոր կարգը
Ըստ նախագծի, օպերատորները պետք է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրենց պայմանագրերը համապատասխանեցնեն նոր պահանջներին:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն հիմնական դրույթները կգործեն 2026 թվականի հուլիսի 1-ից:
Ինչպե՞ս կանդրադառնա նոր կարգավորումը սպառողների վրա
Նոր կարգի ընդունմամբ սպառողները կկարողանան՝
- Պահանջել փոխհատուցում անորակ ծառայության համար։
- Ստանալ հստակ տեղեկատվություն իրենց ինտերնետի իրական արագության մասին։
- Ստուգել, թե արդյոք ստացվող արագությունը համապատասխանում է պայմանագրով սահմանված նվազագույն արագությանը։
Նախագիծն ուղղված է Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ/CEPA) ամրագրված պարտավորություններին համապատասխանեցմանը, մասնավորապես՝ «Բաց ինտերնետ հասանելիության ապահովման թափանցիկության միջոցառումներ» կարգավորումներին: