Ջալալ Հարությունյանը կշարունակի կրել պատիժը․ Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքի վարույթ ընդունումը

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի  և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքնը, դատավճիռը ստացել է օրինական ուժ: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

2023 թվականի նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ստացվել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնից դատարան հանձնված թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործն ըստ մեղադրանքի Ջալալ Անատոլիի Հարությունյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին)։
Նույն օրը նշված քրեական գործն էլեկտրոնային եղանակով մակագրվել, իսկ 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանձնվել էր դատավոր Գ․ Աբելյանին:

Ջալալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն,հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ,ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեղադրանքի փաստական հիմնավորման մեջ նշվում է, որ Ջալալ Անատոլիի Հարությունյանը, 2020թ. փետրվարի 24-ից մինչև հոկտեմբերի 27-ը զբաղեցնելով պաշտպանության բանակի (այսուհետ՝ ՊԲ) հրամանատարի պաշտոնը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (այսուհետ՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք) 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ ծառայողական դիրքի և զինվորական կոչման բերումով հանդիսացել է պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների պետը, իսկ նույն կանոնագրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ունեցել է ենթականերին հրամաններ տալու ու դրանց կատարումը պահանջելու իրավասություն:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 05-ից, ՊԲ Ն զորամասի հրետանային դիվիզիոնն անցել է 18-րդ հրաձգային դիվիզիայի (այսուհետ՝ դիվիզիա) ենթակայության տակ, իսկ հոկտեմբերի 10-ին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը որոշում է կայացրել դիվիզիայի ենթակա զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնել ՊԲ հրամանատարական կետից:
2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ՊԲ Ն զորամասի  հրետանային դիվիզիոնը, առանց 3-րդ մարտկոցի ներգրավման, նույն զորամասի հրամանատարի տեղակալ–զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի ղեկավարմամբ, կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրի մոտակայքում՝ առաջնագծից շուրջ 4կմ հեռավորության վրա: Դիվիզիոնի 1-ին և 2-րդ մարտկոցները դիրքավորվելիս, ՀՀ ԶՈՒ հրետանու մարտական կանոնադրության 2-րդ մասի 369-րդ կետի համաձայն՝ տեղանքում կառուցել են թաքստոցներ, իսկ մարտկոցների միջանկյալ հատվածից դեպի հակառակորդի ուղղությամբ շուրջ 1կմ հեռավորության վրա գտնվող բլրի գագաթային հատվածում տեղակայվել է դիվիզիոնի կրակային դիտակետը, որտեղ գտնվել են նաև Նորայր Հայրապետյանն ու Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը:
2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիվիզիոնի կրակային կետի շուրջ 3 ժամ տևողությամբ հրետակոծությունից հետո, դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, դիտակետից դիտարկել է կրակային դիրքի ուղղությամբ շարժվող զինծառայողների խմբավորում: Անմիջական տեսողական դիտարկման արդյունքում ունենալով կասկած խմբավորման՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների զինծառայողներ հանդիսանալու կապակցությամբ, դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, տիրապետելով դիվիզիոնի անձնակազմի մարտական ունակություններին, իրավիճակի գնահատման արդյունքում որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով կրակային դիրքը թողնելու մասին: Վերջինս դիտարկման մասին անմիջապես զեկուցել է վերադաս Նորայր Հայրապետյանին, ում թույլտվությամբ  դիվիզիոնի անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, ինչին զուգահեռ դիտակետում գտնվող անձնակազմը նույնպես դուրս է եկել դիտակետից և շտապել անձնակազմի մոտ:
Դիտարկված խմբավորման կազմում ՀՀ ԶՈՒ համազգեստով անձանց նկատելու պատճառով, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը, դիվիզիոնի անձնակազմի կողմից կրակային դիրքը թողնելու հրամանի կատարման ընթացքում, մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է ՊԲ հրետանու շտաբ՝ խնդրելով նաև ճշտել նրանց պատկանելիությունը: Հրետանու կառավարման կետից այդ տեղեկությունը և Ն.Հայրապետյանի հարցադրումը փոխանցվել է ՊԲ խորացված հրամանատարական կետի (այսուհետև՝ ԽՀԿ) մարտական ղեկավարման կետում գտնվող ՊԲ հրետանու պետ-ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, գնդապետ Գեննադի Բաղդասարյանին, ով իր հերթին այդ մասին անմիջապես զեկուցել է նույն կետում գտնվող ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին և հարցրել դիտարկվող խմբավորման պատկանելիության մասին:
Վերոնկարագրյալ փաստական հանգամանքներում, Ջալալ Հարությունյանը, հանդիսանալով պետ (հրամանատար) և պաշտոնատար անձ, ուստի՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ պետության հանդեպ անձնական պատասխանատվություն կրելով զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար, 39-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, պատասխանատվություն կրելով տրված հրամանի ու դրա հետևանքների համար, 73-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանատու լինելով զինվորական ծառայության անվտանգության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների վիճակի ու պահպանության համար, 78-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի համաձայն՝ զորքերի ղեկավարման ընթացքում պարտավոր լինելով ապահովել իրադրության մասին տվյալների անընդհատ հայթայթումը, հավաքումը, ուսումնասիրումը, ընդհանրացումը, վերլուծումն ու գնահատումը, որոշումների ընդունումն ու խնդիրների առաջադրումը, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել վկայակոչված նորմերի պահանջները և առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային զորքեր են՝ ներկայացնելով դա որպես հաստատապես ճշտված տվյալ: ՊԲ հրամանատարի հայտնած տեղեկությունը Գեննադի Բաղդասարյանը նույն բովանդակությամբ փոխանցվել է հրետանու կառավարման կետ, որտեղից էլ նույն բովանդակությամբ կապի միջոցով փոխանցվել է Նորայր Հայրապետյանին:
Առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը բանակի հրետանու շտաբից ստանալուց հետո ՊԲ 46492 զորամասի հրետանու պետ Ն.Հայրապետյանը հրաման է տվել չեղարկել «կրակային դիրքը թողնելու» հրամանը, այն պայմաններում, երբ անձնակազմն արդեն իսկ կատարելիս է եղել տվյալ հրամանը՝ մոտեցնելով ավտոմեքենաները և սկսելով հավաքել ռազմամթերքը: Միաժամանակ, դիտակետի անձնակազմը նույնպես վերադարձել է դիտակետ:
Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը, դեռևս առաջնային դիտարկման ընթացքում ունեցած կասկածից ելնելով, Նորայր Հայրապետյանին խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելիությունը, ինչին վերջինս համաձայնել է: Նորայր Հայրապետյանը նորից ռադիոկապի միջոցով կապ է հաստատել ՊԲ հրետանու շտաբ և խնդրել կրկին հստակեցնել դիտարկվող խմբավորման կապակցությամբ ՊԲ շտաբում առկա տեղեկությունը: ՊԲ հրետանու կառավարման կետից Ն.Հայրապետյանի խնդրանքը փոխանցվել է Գեննադի Բաղդասարյանին, իսկ վերջինս դարձյալ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին է ներկայացրել անմիջական տեղանքից ներկայացվող մտավախությունը՝ դիտարկվող խմբի յուրային պատկանելիության իսկության կապակցությամբ:
Ջալալ Հարությունյանը, շարունակելով ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դրսևորումը, այժմ արդեն օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ աշխատանքային քարտեզի մոտ քննարկման արդյունքում, չստանալով որևէ կոնկրետ տվյալ խմբավորման յուրային պատկանելիության մասին, դարձյալ առանց բավարար հիմքերի, Գեննադի Բաղդասարյանին հստակ պատասխան է տվել տվյալ խմբավորման յուրային լինելու վերաբերյալ, իսկ Գեննադի Բաղդասարյանը, դարձյալ հրետանու բաժնի միջոցով, այդ պատասխանը փոխանցել է Նորայր Հայրապետյանին, ով ստացված տվյալներից ելնելով՝ կարգադրել է տեղում շարունակել մարտական խնդրի իրականացումը:
Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, վերադառնալով դիտակետ, շարունակել է մոտեցող խմբավորման դիտարկումը, ովքեր նշված ժամանակահատվածում անարգել մոտեցել են դիտակետի տեղակայման բլրին, ապա շրջանցելով այն՝ շարժվել 1-ին մարտկոցի տեղակայման վայրի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, սեփական կասկածներով պայմանավորված անընդհատ իրականացվող դիտարկման ընթացքում նկատել է խմբավորման զինծառայողներից մեկի կողմից տարօրինակ վարքագծի դրսևորում՝ տարածքում թափառող խոզի գնդակահարումը, ինչը համադրելով այլ հանգամանքների հետ, հասկացել է, որ խումբը յուրային չէ և անմիջապես վերադասի՝ Ն.Հայրապետյանի թույլտվությամբ, ռադիոկապի միջոցով ենթակա անձնակազմին հրամայել է լքել կրակային դիրքը:
Այնուամենայնիվ, կրակային դիրքը լքելու առաջին հրամանի չեղարկումից հետո մինչ Հայկ Թովմասյանի կողմից կրակային դիրքը թողնելու հրաման տալու պահն ընկած ժամանակահատվածում հակառակորդին հաջողվել է հասնել դիվիզիոնի կրակային դիրքի առջևի հողաթմբին և հրաձգային զենքերից ու նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի ու մեքենաների ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելու ընթացքում տալով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները, իսկ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել, որի արդյունքում զոհվել են մարտկոցի անձնակազմի թվով 20 զինծառայողներ, իսկ 7 զինծառայողներ վիրավորվել են: Դիտակետի անձնակազմի տեղաշարժի ընթացքում փոխգնդապետ Նորայր Հայրապետյանին չի հաջողվել դուրս գալ տեղանքից և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է:
Այսպիսով, Ջալալ Հարությունյանի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ կատարելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ թուլացել է հրամանատարական կազմի և զինծառայողների զգոնությունը, անհիմն ձգձգվել է դիվիզիոնի անձնակազմի կողմից կրակային դիրքը թողնելու և այլ դիրք տեղափոխվելու գործընթացը, այսինքն՝ Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու և կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողությունները, որի արդյունքում զոհվել են 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ՝ պահեստազորայիններ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լևոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լևոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գևորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների թվով 10 զինծառայողներ՝ 1-ին մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Արիկ Սամվելի Գոքորյանը, պահեստազորայիններ Արթուր Գագիկի Բեգլարյանը, Արթուր Էդուարդի Գասպարյանը, Էմիլ Աշոտի Աֆրիկյանը, Վազգեն Վալերիկի Հարությունյանը, Միքայել Արտաշեսի Միքայելյանը, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հմայակի Հակոբյանը, Արգիշտի Ալեքսանի Մարգարյանը, Էրիկ Սամվելի Գրիգորյանը և Սերգեյ Գարիկի Դարագուլյանը, զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է,  հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերը, ինչպես նաև այդտեղ գտնվող 8 հատ  հրանոթները, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Գործի քննությամբ դատարանը որոշել էր՝

1. Ջալալ Անատոլիի Հարությունյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով  նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5  տարի 6  ամիս ժամկետով:
2. Ջալալ Անատոլիի Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Ջալալ Անատոլիի Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Պաշտպանական կողմը, ապօրինի համարելով կայացված դատավճիռը, դիմել էր Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչը մերժել էր բողոքը  Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ջալալ Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հիմք կլինի դատական ակտը բեկանելու համար, մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը չի կարող համարվել ակնհայտ խիստ, ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը ենթակա չէ փոփոխման: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է և հիմնավոր ու այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր առկա չեն։

Մեղադրյալ Ջալալ Հարությունյանը և պաշտպան Ա․ Ապրեսյանը որոշումից հետո դիմել էին Վճռաբեկ դատարան։ Քննելով ներկայացված բողոքը,  Վճռաբեկը սեպտեմբերի 29-ին հրապարակել է բողոքի վարույթ ընդունումը մերժելու որոշում։

Որոշման մեջ նշված է, որ  Վճռաբեկ դատարանը, մեղադրյալ Ջ.Հարությունյանի բողոքների փաստարկների, սույն վարույթի նյութերի, Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկվող որոշման պատճառաբանությունների համադրված վերլուծության հիման վրա գալիս է հետևության, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական կամ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բուն էությունը, իսկ հակառակի մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքներում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմաններով բողոքները վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել