Ալիևը ՄԱԿ իր ելույթում հայտարարել է, որ պատրաստ է նոր էջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և խոսել Հայաստանի հետ հարաբերություններ, խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։
Նա նշել է՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է նոր էջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է APA գործակալությունից։
«Չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները տվեցին դրական արդյունքներ, քանի որ ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց արտաքին միջամտության»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է նաև, որ տարածաշրջանային հաղորդակցություններն են ամուր խաղաղության տեսլականի հիմքը։
«Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունն է, որն ապահովելու է «Զանգեզուրի միջանցքով» անխափան անցումը և խթանելու է տարածաշրջանային կապերի զարգացմանը»,-ասել է նա։
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր էջ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել