Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Այս մասին Իրավաբան․-ը տեղեկանում է Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, Ուզբեկստանի փոխվարչապետ Ժամշիդ Խոջաևը:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս կարևոր միջազգային միջոցառմանը՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին մասնակցելու հրավերի համար: Մենք նաև շնորհակալ ենք ջերմ ընդունելության և այս միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ցանկանում եմ շնորհավորել ռուսական կողմին Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հիմնադրման 80-ամյակի առիթով:
Սա գիտատեխնիկական զարգացման կարևորագույն իրադարձություն է, միջուկային էներգիայի ոլորտի փայլուն մտքերի աշխատանքի արդյունք: Հաճելի զուգադիպություն է նաև այն, որ ֆորումն անցկացվում է էներգետիկայի ոլորտի ականավոր մասնագետ և Հայկական ԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սաակովի 80-ամյակի տարում, ով անջնջելի հետք է թողել Հայկական ԱԷԿ-ի պատմության մեջ:
Ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում կայուն և մաքուր էներգամատակարարման ապահովման գործում: Այն նպաստում է ածխածնի արտանետումների կրճատմանը և ցածր ածխածնային զարգացման նպատակներին: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայն տարածումը հանգեցնում է էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի: Սա, իր հերթին, մեծացնում է ատոմային էներգիայի՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի կարևորությունը: Ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերն ատոմային անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար: Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին և վերահաստատում է իր հանձնառությունը չտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին և սկզբունքներին:
Տիկնայք և պարոնայք,
Հաշվի առնելով այս նկատառումները՝ Հայաստանի Կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից:
Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման, Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեր Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDCs) կատարման և ազգային տնտեսական աճի աջակցման գործում:
Միևնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա և ապագա սերունդների առջև։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Մենք պարբերաբար անցկացնում ենք տեսչական և փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը շահագործում է ԱԷԿ-ը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին է վկայում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը։
Հենց այս սկզբունքն է կիրառվել վերջին տարիներին ատոմակայանում իրականացված լայնածավալ արդիականացման ժամանակ, ինչի շնորհիվ մեզ հաջողվել է երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։ Այս փորձի հիման վրա, Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը։ Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք։
Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունն ԱԷՄԳ-ի և այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը։ Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներգրավված մասնագետներին իրենց աշխատանքի համար և կրկին շնորհավորում նրանց այս նշանակալի հոբելյանի առիթով։ Հուսով եմ՝ նախատեսված աշխատանքներն ակտիվորեն կշարունակվեն և հաջողությամբ կավարտվեն սահմանված ժամկետներում։
Տիկնայք և պարոնայք,
Մեր թափանցիկ քաղաքականությունը միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման ոլորտում մնում է առաջադեմ միջուկային տեխնոլոգիաների ուսումնասիրության հիմքը։
Ոչ պակաս կարևոր են նաև միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառությունները, ինչպիսիք են` բժշկությունը, էկոլոգիան, գյուղատնտեսությունը, գիտությունը և կրթությունը։ Մենք երախտագիտությամբ ենք ընդգծում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և գործընկեր երկրների աջակցությունը և մասնագիտական օգնությունը, գիտելիքները և առաջարկությունները, որոնք կենսական դեր են խաղում մեր երկրում այս ոլորտների զարգացման գործում։
Հուսով ենք, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում այսուհետ ևս կշարունակի զարգանալ և ամրապնդվել: Միասին մենք կարող ենք ստեղծել կայուն ապագա մեր երկրների համար՝ ուղղելով մեր ջանքերը նոր տեխնոլոգիաների մշակմանը, անվտանգության բարելավմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել նաև «Ատոմ» ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են ատոմային էներգետիկայի ոլորտում ՌԴ կարողություններն ու ծագրերը: