Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, շարունակում է հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։ Հիշեցնենք, որ իրազեկման հանդիպումներն անցկացվում են Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց ծանոթացնում են եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու հնարավորություն։ Հանդիպումներն անցկացվում են համացանցին միացված համակարգիչներով առկա դահլիճում։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից
Ովքեր կարող են մասնակցել
Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչպես նաև ցանկանում են հայտարարագիրը լրացնել անմիջապես իրազեկման հանդիպման ընթացքում։
Երբ և որտեղ են անցկացվում իրազեկումները
Իրազեկման հերթական հանդիպումները կանցկացվեն՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին, 8-ին, 10-ին, 15-ին, 17-ին, 22-ին, 24-ին, 29-ին և 31-ին։
Սկիզբը՝ ժամը 16։00-ին։
Վայրը՝ ք․ Երևան, Կոմիտաս 35։
Ինչպես դիմել
Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները պետք է նախապես ուղարկեն իրենց տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն ազգանունը, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով, տարբեր ձևաչափերով շարունակվում են նաև իրազեկման միջոցառումները Երևանում և մարզերում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մանրամասները՝ այստեղ։