Ի՞նչ է գրավը և ինչպե՞ս է այն ապահովում պարտավորությունների կատարման երաշխիքը

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է գրավի իրավունքի հասկացությունը, դրա ծագման հիմքերը, մասնակից կողմերը և գրավի առարկան։

 Ի՞նչ է գրավը

  • Գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
  • Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

 

  • Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի) կամ արժեթղթի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:

 

  • Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս` համապատասխան գույքի գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:

Որո՞նք են գրավի ծագման հիմքերը

  • Գրավը հիմնականում ծագում է պայմանագրի հիման վրա։
  • Որոշ դեպքերում գրավ կարող է ծագել նաև օրենքով նախատեսված հանգամանքների երևան գալով։

Ովքե՞ր են գրավի կողմերը

  • Գրավատու – գույքի սեփականատերը, որը կարող է լինել թե՛ պարտապանը, թե՛ երրորդ անձը։
  • Գրավառու – այն անձը, ով ունի գրավ դրված գույքից բավարարում ստանալու իրավունք՝ պարտավորության կատարման ապահովման համար։

 Ի՞նչ կարող է լինել գրավի առարկա

  • Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք կամ գույքային իրավունք, բացառությամբ․
    • շրջանառությունից հանված գույքի,
    • պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ ալիմենտի, կյանքի կամ առողջությանը վնասի հատուցման պահանջների,
    • այն իրավունքների, որոնց զիջումը արգելված է օրենքով։
  • Անբաժանելի գույքը չի կարող գրավ դրվել մաս առ մաս։
  • Վարձակալության իրավունքը չի կարող գրավադրվել առանց սեփականատիրոջ համաձայնության։
  • Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը գրավադրվում է միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ։

Գրավի իրավունքի ծագում է

  • Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից:
  • Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:
  • Եթե գրավի առարկան, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկան նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել