«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն իրականում օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: Այս մասին ԱԺ քառօրյա նիստի` «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա Ազգային ժողովը ոչ թե իրավական հարց է լուծում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակը:
«Այս պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչո՞ւ չառաջադրեց, չառաջադրեց ոչ թե այն բանի համար, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու` որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն, այլ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց այլ պատճառով. Աղվան Հովսեփյանը Հայաստանում 15 տարի գլխավոր դատախազ էր աշխատել և իշխանության ներսում ուներ բավականին լուրջ ազդեցության լծակ: Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ անելով ընդամենն ուզեց բյուրոկրատական, իշխանական թիմին ցույց տալ, որ ինքն առաջվա նման լիարժեք տիրապետում է իշխանական լծակներին»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` երկրի նախագահը չի ուզում, որ Աղվան Հովսեփյանն իր ստվերային և այլ կապերով համալրի իր իշխանությունից դժգոհողների բանակը դրանից բխող հետևանքներով:
«Բոլոր քննչական մարմինները մեկ կոմիտեում չկետրոնցացնելը պայմանավորված է նրանով, որ ըստ Սերժ Սարսգայանի` այդքան շատ լծակներ կենտրոնացնել Աղվան Հովսեփյանին ձեռքում քաղաքական այս խառնակ ժամանակներում այդքան էլ նպատակահարմար չէ»,- նշեց պատգամավորը:
ՀԱԿ պատգամավորը հայտնեց, որ ինքը դեմ է քվերակելու օրենքի այս նախագծին.
«Ես ուզում եմ հատուկ ընդգծել իմ մոտիվացիան, որով ուզում եմ դեմ քվեարկել, որովհետև եթե մենք բոլորս դեմ քվերակենք, Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա և կմնա գործազուրկ և կդառնա բավականին երիտասարդ թոշակառու, իսկ երբ որ դառնա երիտասարդ թոշակառու, համոզված եղեք, որ մի քանի ամսից նա կնկատի, թե ինչպիսի հրեշավոր և կոռուպացված համակարգ է Հայաստանի դատախազության համակարգը: Թե ինչպսիսի հրեշավոր մեթոդներով են Հայաստանում վարում նախաքննություն և եթե այս ամենը նա նկատի, միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության և երբ որ Աղվան Հովսեփյանն այս ամենից հետո համալրի իշխանափոխության համար պայքարողների շարքերը, գուցե և նրա ներուժը այն պակասող դետալն է, որը Հայաստանում իշխանափոխություն անելու համար պայքարողներին չի բավարարում այդ բաղձալի իշխանափոխությունն անելու համար և հենց այս նկատառումներով դեմ եմ քվերակում, որպեսզի Աղվան Հովսեփյանն ի վերջո միանա հանուն ազատության, արդարության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, Սահամադրական իրականության, հանուն պայծառ ապագայի մղվող պայքարի. ի վերջո ումի՞ց է պակաս Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանը»:
Նունե Հովսեփյան