«Ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի և չեմ խուսափում պարտականություններից»․ արցախցին՝ տեղահանման մասին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ վերադարձանք Արցախ, մեզ համար արդեն պարզ էր, որ մենք ամեն օր պատերազմի մեջ ենք լինելու, պատերազմելու ենք՝ մեր այնտեղ ապրելով։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում ասաց բռնի տեղահանված, «Ուրտեխե» կրթարանի հիմնադիր Զինա Գասյանը։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախում վիճակն օրհասական էր։ Մինչ այդ լիակատար պաշարում էր, ընդհանրապես ուտելիք չկար։ Որոշակի մթերքներ կային գյուղերում, քանի որ գյուղացիները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ Ստեփանակերտում վիճակն օրհասական էր, որովհետև խանութները լրիվ դատարկ էին»,- ասում է մեր զրուցակիցը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Զինան ավարտել էր մի աշխատանքը և շտապում էր մյուսին, երբ թշնամին սկսեց հրետակոծությունը։

«Ես այդ ժամանակ սրտիս տակ կրում էի իմ երկրորդ բալիկին։ Եվ երբ գնացի աշխատավայր, զարմացան։ Ասացին, որ իրավիճակը լարված է, Հարավ գյուղի բնակիչներին տարհանում են ու ինձ միանգամից ուղարկեցին տուն։ Եկա տուն, մեծ տղայիս ականջներին ականջակալներ դրեցի, որպեսզի չլսի պայթյունները, միացրեցի իր սիրելի հեքիաթը և մտանք նկուղ։ 2020 թվականից հետո նկուղը կարգի էինք բերել, սպասում էինք, որ այդ օրը գալու է։ Իմ ու երեխայիս մանկությունը նույնն է․ ես էլ 90-ականների պատերազմն եմ տեսել ու չէի ուզում, որ այն սպին, որը մնացել է ինձ վրա, իմ երեխայի վրա էլ լիներ։ Դա իրոք պատերազմ էր, ահավոր էր։ 

Դիրքեր հասնելու համար տղաները ոտքով էին գնում ու կռվել են մինչև վերջ։ Ես ծնունդով Ճարտարից եմ։ Երեք օր ծնողներիցս լուր չունեի։ Բոլորից լուր ունեինք, բայց Ճարտարից լուր չունեինք։ Պարզվեց, որ առաջինը հարվածել էին կապի աշտարակին, դրա համար կապ չկար այնտեղ։ Մենք լսում էինք, որ մարդիկ անտառներով դուրս են եկել, լսում էինք, որ նրանց ցեղասպանել են, բայց բարեբախտաբար Ճարտարում թշնամին ուժեղ դիմադրության էր հանդիպել։ Երեք օր հետո հեռախոսով հորս ձայնը լսեցի»,– պատմում է նա։

Զինան ընտանիքի հետ դուրս է եկել Արցախից սեպտեմբերի 27-ին։ Եկել են Երևան։ Այստեղ լույս աշխարհ է եկել նրա երկրորդ որդին։ Մի քանի ամիս անց, ինչպես ինքն է ասում, ծնվել է երրորդ «երեխան»՝ «Ուրտեխեն»։ Զինան «Ուրտեխե» կրթարանի հիմնադիրն է։ Արցախում ևս դասավանդել է։ Երեխաների հետ աշխատելու սերը նրան դրդել է հիմնել կրթարանը։ Այնտեղ աշխատանք են գտել Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներ ու մասնագետներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել