Գործազրկության նպաստ. Առաջիկայում ո՞վքեր և ի՞նչ դեպքերում կստանան այն

2013թ. վերջերն աղմուկ բարձրացրած հարցերից էր նաև գործազրկության նպաստի համակարգի վերացումը:

«Զբաղվածության մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն 2014թ. հունվարի 1-ից, գործազրկության նպաստ ստանալու են միայն այն անձինք, ովքեր մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված են և գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեն:

Գործազուրկին գործազրկության նպաստ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարված լինելու դեպքում:

Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս, իսկ առավելագույն տևողությունը գործազուրկի կարգավիճակում լինելու յուրաքանչյուր ժամանակահատվածում սահմանվում է 12 ամիս, ընդ որում` առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում նրա՝ գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարվելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է լիազորված մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան:

Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:

Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

Գործազրկության նպաստի վճարումը լիազորված մարմինը կասեցնում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով:

Երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:

Գործազրկության նպաստի վճարումը կարող է նաև դադարեցվել, եթե
1) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.
2) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով:

Գործազրկության նպաստը կարող է վճարվել լիազորագրով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել