Առաջարկում ենք վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական և գործնական քննությունների համար կիրառել արագացված տարբերակով ծառայությունը։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Առաջին անգամ, երբ անձը բացասական գնահատական է ստանում թե՛ տեսական, թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեղմ ժամկետում հնարավորությունը մեկ շաբաթ անց վերահանձնելն է, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել և դրա դիմաց ոչ թե 7 օր անց վերահանձնել քննությունը, այլ հաջորդ օրը կամ 3-4 օր հետո»,-ասաց նախարարը։
Հանրային պահանջարկով պայմանավորված առաջարկվում է նաև նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։
Բացի այդ, Հայաստանում վարորդական իրավունքները կթվայնացվեն․ «ՀՀ տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի, և որևէ խնդիր չի առաջանա»:
Նշված փոփոխությունները դեռևս պետք է ընդունվեն Ազգային ժողովի և ստորագրվեն Հանրապետության նախագահի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։