«Իրավասու մարմինը մեկ հանգամանք է ընդունել, խոսքը 78 միլիոն դրամի մասին է»․ Արմեն Սաքապետոյանի գործով նոր դատախազ է ներգրավվել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 19-ին, շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը, որ նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ինչպես նախորդիվ կողմերը պայմանավորվել էին, այս նիստին պատասխանողի ներկայացուցիչը պետք է հայցի վերաբերյալ համապատասխան դիրքորոշմամբ հանդես գար, սակայն գործով ներգրավվեց նոր դատախազ․ վերջինս նիստը հետաձգելու և գործի նյութերին ծանոթանալու միջնորդություն ներկայացրեց։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանին փոխարինեց դատախազ Տաթևիկ Մարտիրոսյանը՝ հայտնելով, որ նախորդ դատախազը վատառողջ լինելու պատճառով ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, դրանից բացի, այս գործով հայցվորի ներկայացուցչությունը միայն ինքն է ներկայացնելու։ Նախագահող դատավորին հայտնեց՝ այդ որոշումը կայացվել է երեկ՝ մարտի 18-ին։

Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշմամբ նշեց, որ գործի արդյունավետության տեսանկյունից կարող են այս նիստին ապացուցման բեռը բաշխել։

Հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ պատասխանող կողմի դիրքորոշումը դատախազություն է մուտքագրվել 1 ամիս առաջ, որն այդքան էլ երկար ժամանակահատված չէր, որպեսզի իրավասու մարմինն այդ առարկությունների վերաբերյալ մանրամասն արձագանք ներկայացներ։

«Ես դատախազության անունից որևէ դիրքորոշում ապացուցման բեռի մասով ոչ միայն չեմ կարող հայնտել, ես նույնիսկ գործի փաստերին չեմ տիրապետում, ինչը նշանակում է՝ եթե այս փուլում ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացվի, դա համապատասխան հիմքեր է ստեղծելու դատական ակտը բողոքարկելու համար, ուստի կրկին խնդրում եմ դատարանին բավարար ժամանակ տրամադրել դիրքորոշում ներկայացնելու համար»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև հայտնեց, որ պատասխանող կողմի ներկայացրած դիրքորոշմանը ծանոթանալուց հետո հնարավոր է դատավարական այլ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա, օրինակ՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն, ու իրավասու մարմնի համար էական է դատարանի ապացուցման բեռը բաշխելու վերաբերյալ որոշում չկայացնելը։

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը հայցվորի ներկայացուցչին հարցրեց՝ արդյոք գործի ծավալի մասին ևս որևէ պատկերացում չունի, վերջինս ասաց՝ ֆիզիկապես չի կարողացել ծանոթանալ։

Դատավորը նշեց՝ զարմանալի է հայցվորի գործողությունների տրամաբանությունը, քանի որ դատախազը իր անաշխատունակության մասին հայտնելու ու նիստի հետաձգման հարցը քննարկելու փոխարեն նոր ներկայացուցիչ է ներգրավում՝ մեծածավալ գործին 0-ից ծանոթանալու համար։

Դատախազն ի պատասխան նախագահող դատավորի ասաց, որ փոփոխությունը կապված չէ նախորդ դատախազի ժամանակավոր անաշխատունակության հետ, սա համակարգային որոշում է՝ պայմանավորված նաև գործերի ծավալի, աշխատանքի ծանրաբեռնվածության հետ։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանը ևս միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց, ասաց՝ 1 տարի է՝ դատախազության այս  հայցը դատարանում է, դրա վերաբերյալ իրենք առարկություններ են ներկայացրել, դատական նիստեր են տեղի ունեցել, նաև դատախազությունը նիստեր է հետաձգել՝ պատասխանողի առարկությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

«Նախոր դատական նիստի ժամանակ իրավասու մարմնի ներկայացուցիչը մեր քննարկած հանգամանքներից մեկը ընդունել է և խնդրել է ընդունման հանգամանքը այս ժամանակահատվածում ներառել հաշվարկների մեջ։ Այսինքն՝ մենք այս պահին ունենք ընդունած 1 հանգամանք, որը շատ էական է, խոսքը 78 միլիոն դրամի մասին է։ Ստացվում է մի իրավիճակ, որ մենք 1 ամիս սպասել ենք, էսօր իրավասու մարմինն ասում է՝ մեզ մոտ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք էլ ունենք իրավունքներ, ես էլ կարող եմ ամեն դատական նիստին մի ներկայացուցիչ փոխել կամ ձգձգել»,-ասաց Արմեն Սաքապետոյանը։

Նա նաև հայտնեց, որ իրավասու մարմնի նախորդիվ արված պաշտոնական հայտարարության հիման վրա կատարել են հաշվարկ, ինչի արդյունքում եզրահանգել են այնպիսի որոշման, որ ապօրինի դիտարկված գույքերից մեկը պետք է առնվազն չդիտարկվեր ապօրինի, ու այս նիստին սպասել են դրա վերաբերյալ հայցվորի պատասխանին։

Դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ այս ընթացքում բանակցել է 1 տարի կասեցված պրոյկետի համար, նախնական համաձայնության է եկել, սկսել է որոշակի պարտավորություններ ստանձնել, սակայն այս իրադրությունը պատասխանողի համար անընդունելի է։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց սեղմ ժամկետում նիստ նշանակել, որպեսզի ներգրավված նոր դատախազը գործի նյութերին ծանոթանա և հայցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնի։

Նախագահող դատավորը նոր նիստի օր նշանակեց մարտի 31-ը՝ հակառակ դատախազի այն դիտարկմանը, որ այդ շաբաթվա ընթացքում օրական 3 դատական նիստ կա նշանակված և ժամանակային առումով ֆիզիկապես չի կարող հասցնել դիրքորոշում հայնտել։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել