Ի՞նչ փոփոխության է ենթարկվել կրթության բյուջեն՝ չափորոշչի ներդրումից հետո․ մասնագետը՝ ֆինանսավորված և դադարեցված ծրագրերի մասին

ՀՀ կառավարության կողմից «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատվել է դեռևս 2023 թվականի մարտի 16-ին։

Չափորոշչի ներդրումից հետո տեղի ունեցան ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ կրթության որակի բարելավման նպատակով, ինչի շրջանակներում կրթական բյուջեն բաշխվեց մի շարք ծրագրերի իրականացման համար։

Ինչպիսի՞ փոփոխության է ենթարկվել կրթության բյուջեն՝ չափորոշչի ներդրումից հետո, ո՞ր միջոցառումների իրականացման համար են ավելի շատ ներդրումներ կատարվել, որոնց համար՝ ոչ։

Iravaban.net-ի հետ զրուցում Բյուջետային հարցերով երիտասարդ մասնագետ Էլենա Հարությունյանը նշում է, որ միայն 2024 թվականին բյուջեի նախագծով նախատեսված է եղել 14 ծրագրի իրականացում։

Նախորդ տարիներին կատարված ծրագրերին ավելացել են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման և նախադպրոցական կրթության ծրագրերը։ Գրեթե բոլոր տողերով ավելացել են հատկացումները։

Մասնագետի խոսքով՝ նոր չափորոշչի ներդրումից հետո կրթության ոլորտի ծախսերը էականորեն աճել են։ «Պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածների համաձայն՝ ըստ ծրագրերի և միջոցառումների՝ 2024 թվականի բյուջեն կազմել է 316,8 միլիարդ դրամ՝ աճելով 59, 7 տոկոսով։

«Այս փոփոխությունները կապված են դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացման, 2023 թվականից  Մասնակցություն սովորողների միջազգային գնահատման ծրագրին /PISA/ և  ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) ուսուցիչների վարձատրության բարձրացում  միջոցառումների հետ։ Մեծ ուշադրություն է հատկացվում ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանը  կամավոր և տարակարգ ատեստավորումների միջոցով»,-ասաց նա։

(Գծապատկերը՝ https://mediaforedu.am/armenian-educational-expenses/ աղբյուրի)

Ուսումնասիրելով 2024 թվականի կրթության ոլորտին տրամադրված բյուջեն, նկատելի է, որ «Ազգային երգ ու պար առարկայի ներդրում հանրակրթական ուսումնական հաստատություններում» միջոցառումը 2024 թվականի բյուջեի նախագծում չի ստացել ֆինանսավորում։

Iravaban.net-ը հարցմամբ դիմել է ԿԳՄՍ՝ փորձելով ճշտել, թե 2025 թվականին ինչ անհրաժեշտ միջոցառումներ է փորձում իրականացնել նախարարությունը՝ խնդրի լուծման համար, արդյո՞ք կա որևէ վիճակագրական տվյալ, թե քանի դպրոցում են այժմ այդ առարկան անցնում, քանիսում՝ ոչ։

Բացի այդ, նախարարությունն ինչ դիրքորոշում ունի հանրակրթական դպրոցներում առարկայի շարունակական ուսուցման վերաբերյալ, արդյոք սա անդրադարձ է ունենալու նշված առարկաները դասավանդող ուսուցիչների վրա։

Մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի 15-րդ կետով սահմանված՝ հանրակրթական ծրագրերի 7 ուսումնական բնագավառներից մեկը «Արվեստ և արհեստ» բնագավառն է:

Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով և նպաստում է ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն:

Նախարարությունից նաև հայտնեցին՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ «Ազգային երգ ու պար» առարկան հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվում է «Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշչով սահմանված առարկայախմբի շրջանակում:

«Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ (ԴԿԱ) ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում՝ առանձին կամ ինտեգրված դասընթացով:

Ըստ այդմ՝ միջոցառման ֆինանսավորումը ներառված է վերոնշյալ առարկայախմբի ֆինանսավորման շրջանակում:

«Միաժամանակ հայտնում ենք նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ» ինտեգրված առարկան դասավանդելու հնարավորություն ունեն երաժշտության կամ կերպարվեստի ուսուցիչները, կամ արվեստի որևէ ուղղությամբ համապատասխան վերապատրաստում անցած ուսուցիչները»,-հավելեցին ԿԳՄՍՆ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել