ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ Բաքվում ընթացող դատավարությանը

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների շինծու գործերով Բաքվում ընթացող դատավարությանը՝ պատասխանելով Verelq վերլուծական կենտրոնի հարցին:

Հայկ Խալաթյանը նշել է, որ դատական գործընթացը ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով այս դատավարության դեմ, որը նա համարում է ֆարս։ Խալաթյանը նշել է նաև, որ թեև Արցախի նախկին ղեկավարները Ռուսաստանի քաղաքացիներ չեն, Մոսկվան տարիներ շարունակ միջնորդի դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործընթացում և համագործակցել է Արցախի իշխանությունների հետ։ Այդ համատեքստում նա հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանը կարող է աջակցել նրանց ազատ արձակմանը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից ներկայացվող մեղադրանքները նաև իր շահերին են առնչվում։

«Նախկինում արդեն անդրադարձել ենք թեմային։ Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, նշված անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։

Համոզված ենք, որ հումանիտար հարցերի ընդգրկումը հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Իր հերթին, Ռուսաստանը հաստատում է իր հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտությանը, ինչպիսիք են փախստականների իրավունքների պահպանումը, մշակութային-պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնումը, պահվող անձանց փոխանակումը։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պատասխանում։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել