Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք շարունակում են ԿԿՀ ներկայացնել այն նվերները, որոնք ստացել են պաշտոնավարման ընթացքում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայից ստացել է մանուշակագույն ապակյա կուժ, որի արժեքը գնահատել է 109 հազար 390 դրամով։
Նշվում է, որ վերջինս նվերը ստացել է Ամանորին, քանի որ հանդիսանում է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄԷ բարեկամական խմբի ղեկավար։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Յուասի Հալլա-Ահոյից 2025 թվականի հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ՀՀ այցի շրջանակներում ստացել է «Ապակե թռչուն» անվանմամբ կապույտ գույնի հուշանվեր։
Իր կողմից նվերի գնահատված արժեքը՝ 120 հազար դրամ։
Նվերի արժեքի համար օգտագործվել է Finnish Design Shop խանութ-սրահի նույն հուշանվերի գինը։
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Արման Սարգսյանը հունվարի 9-ին ԿԿՀ է ներկայացրել աշխատանքում դրսևորած նախաձեռնողականության համար խրախուսական նվերը, այն է՝ «Գնոմոն» տեսակի ձեռքի ժամացույց, արծաթյա 925 հարգի, հետնամասում՝ «ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈւՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ» գրառմամբ։
Նվերի գնահատված արժեքը՝ 171 հազար 997 դրամ։
Նվերը ստանալու օրը՝ 2024 թվական, դեկտեմբերի 24։
Iravaban.net-ը ավելի վաղ ներկայացրել է նաև 2024 թվականի ընթացքում պաշտոնատար այլ անձանց ներկայացրած նվերները, դրանց գների արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրություն կատարել։ Առավել մանրամասն՝ այստեղ։
Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:
Մարիամ Շահնազարյան